Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱՆ

          Երկար տարիների ընթացքում շատ ուրախ ու տխուր օրեր ենք անցկացրել միսաին: Բայց այնպես է մեր կյանքն ու ճակատագիրը, որ ուրախության ժամանակ էլ՝ չես իմանում՝ ուրախությունն է շատ, թե տխրությունը: Հոբելյանի ժամանակ էլ՝ չես իմանում որն է ավելի շատ-ուրախությո՞ւնը, թե՛ տխրությունը: Սակայն այս ամենը չեն կարող ու չեն կարողացել ընկճել էն հոգին, որ կրում է իր մեջ աստվածային ուժն ու ստեղծագործական շնորհքը, ամենաբարձրը, ինչ որ կարող է աշխարհքում վիճակվել մահկանացույին: Եվ բոլոր ծանր տպավորություններն ու դաժան դեպքերը դատարկ բաներ են այն, չքնաղ գիտակցության հանդեպ, թե դու պաշտոն ես տանում գեղեցկին ու ճշմարտին, ու կյանքի բոլոր անախորժ օրերը ոչինչ են ոգևորության սրբազան վայրկյանի առաջ, որ ընդունակ է վայրկենաբար թոթափել այդ ամենը ու մարդուն միշտ վերածնել հավերժական ֆենիքսի նման: Դու ունիս այս երջանկությունը: Բայց բանաստեղծի այս գաղտնի երջանկության հետ միասին կա և մի այլ հզոր մխիթարություն մեր անհամբույր կյանքի մեջ, որ դու այնքան թանկ ես գնահատել. դա գրող-ընկերի վսեմ կապն ու անվերջ սերն է: Եվ ահա այսօր, քո երեսուն տարվան սրբազան ժամերի ու ծանր օրերի հիշատակելի տոնին գալիս եմ՝ ընկերական ջերմ համբույրով: Դարձյալ օրեր անցկացնենք միասին, շատ կլինեն այդ օրերը թե քիչ – չգիտեմ, ուրախ կլինեն թե տխուր – չգիտեք, բայց միշտ քեզ հետ կլինի ընկերներիդ սիրող սիրտը: