Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԶԳՈՒՅՇ ՊԵՏՔ է ԼԻՆԵԼ

          Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյալ թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց, հրապարակական քննության նյութ առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը: Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն կրկին պատճառներով. առաջինը՝ որովհետև այդպես չի, երկրորդը՝ որ տգեղ է:

          Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ: Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք: Եթե դուք գալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այդ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է: Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր «գրողներին այդպիսի դեպքերում: Բայց թողնենք օտարների: Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար որ այդպես լիներ – եթե ոչ հենց ինքը գրողը: Ամեն մինը, որ կարծում է թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու՝ կարծում է, թե միայն գրողն է, որ չի զգում այդ: Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը:

          Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը:

          Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի, պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը, այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար:

          Տողերիս, գրելու առիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով1, որի֊ մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանր տպավորություն է անում:

          Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում:

          Զգույշ պետք է լինել: