Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ

          Վերջացավ Շիրվանզադեի հետ սկսած աղմուկը1:

          Վերջապես իմացանք, որ ամենքն էլ իրավունք ունեն քննադատելու, լավն ու վատը իրարից ջոկելու, վատը մերժելու, լավը վեր հանելու: Եվ այս շատ լավ եղավ հենց իրեն՝ Շիրվանզադեի համար: Այսօր տեսնում ենք նրա երեսնամյա գրական գործունեության հաշիվը և նրա լավ գործերի համար ցույց ենք տալու մեր հարգանքը: Արդ, այն մարդիկ ու այն մամուլը, որ նրա մի անհաջող նախադասության վրա այսքան կանգնեցին ու զբաղվեցին2, եթե անկեղծ ու շիտակ մարդիկ են, ո՜րքան պիտի կանգնեն նրա տաղանդավոր գործերի առաջ ու ո՜րքան պիտի զբաղվեն նրա հատորներով: Եթե մի ձախորդ խոսքի համար այսքան նախատեցին ու քաշքշեցին, ո՜րքան պիտի հարգեն ու գովեն ամբողջ գեղարվեստական գործերի համար: Ամեն մարդ էլ խոսելու իրավունք ունի, իսկ նրանք, որ իրենց պարտականությունն են համարում երկար խոսելու նախադասությունների մասին, իրավունք չունեն լռելու երեսուն տարվա գրական գործունեության հանդեպ:

          Անցնենք այդ երեսուն տարվան գրական տոնին:

          Եվ չէ՞ որ գրական հոբելյաններին չեն գալիս անհաջող գործերն ու սխալները թմբկահարելու, այլ հանդես դնելու այն, ինչ որ թանկ է մի ժողովրդի համար, այն, ինչ որ մի հեղինակ ավելացրել է իր մայրենի գրականությանը, այլն, ընչի համար որ գալիս են նրան պսակելու:

          Ամեն մարդ խոսելու իրավունք ունի, իսկ դուք և իրավունք ունիք և պարտականաթյուն:

          Դե խոսեցե՛ք: