Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ

          Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Ա. Զարգարյանը կազմել էր զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին իր զոկերեն գրած պիեսը – «Ադաթ չի»1, երգելու էին զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերեն ժողովրդական ոտանավորներ և պ. Հար. Թումանյանի զոկերեն, կուպլետները2, պարելու էին զոկական պարեր:

          Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես եկավ հայ ժողովրդի թերևս ամենակուլտուրական այս հատվածը՝ այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով ու հոտով և այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը: Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե մեր գավառները իրար ետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով, իրենց ադաթով, լավով-վատով, և ի՞նչ հաճույք կտան այդ երեկույթները, և ի՛նչքան բան կսովորեցնեն:

          Մեզանում, Թիֆլիսում, այս կամ այն նպատակով երեկույթներ կազմելու ժամանակ նստում են գլուխ տրաքեցնում, մտածում, որ մի գյուտ անեն, մի նորություն հնարեն ժողովրդին հրապուրելու: Ահա ձեզ գյուտը: Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվար 2-ի գիշերը Թիֆլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին: Թո՛ղ գան իրար ետևից Արարատը, Շիրակը, Ղարաբաղը, Լոռին, Զավախքը, Զանգեզուրը, Նուխին, Շամախին, նույնիսկ Տաճկաստանի գավառները: Եվ ի՜նչ գեղեցիկ կլինի: