Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

          Սիրելի ընկերներ.

          Շատ քիչ է պատահում մեգ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի: Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի: Դա հայ գրողների այն պատկառելի համախմբումն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ1: Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեն սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երագում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով:

          Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը: Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությունը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքներ, իրար ոգևորենք ու միասին զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը:

          Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի:

          Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ: Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է՝ նա մեր երեսին է նայում ու սպասում: Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով: Մխիթարվում է, որ տաղանդավոր զավակներ ունի և սիրում է ու հարգում: Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանղավոր մարդը՝ թող մեր մեջը լինի ամենից առաջ:

          Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը – Ղ. Աղայանը մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից և՛ մեր միջավայրից2, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայելով գալիս է մեր ետեից, ուժ կառնի ու չի հուսահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ:

          Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ – մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում: այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու արվեստին:

          Թող այղ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա:

          Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ: