Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

          Հրապարակի վրա դրված է մեր նշանավոր վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեի գրական գործունեության 30 - ամյակի խնդիրը: Թիֆլիսի հալոց, Դրամատիկական Ընկերության. վարչությունը, որ գործի նախաձեռնությանը առել էր իր վրա, ընդհանուր ժողով հրավիրեց, ուր և ընտրվեց հոբելյանական հանձնաժողով: Այսպիսով առաջներս է գրական մի տոն1:

          Այստեղ մենք խոսք չենք անելու Շիրվանզադեի տաղանդի ու նրա գրական արժանիքի վրա, այլ միայն ուզում ենք վկայել, որ հայ ժողովուրդը եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի, հոբելյանով, դրանցից մինը Շիրվանզադեն է: Հոբելյանական, տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ոչ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին: Այղ տեսակետից «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար: Մենք միայն կցանկանայինք, որ արժանավոր մարդու հոբելյանն էլ տոնվեր արժանավայել կերպով: Կցանկանայինք՝ ավելի մեծ տարածության վրա լսվեր հայ ժողովրդի խրախուսական ձայնը, որ երեսուն տարուց հետո գալիս է մայրական խոսք բերելու իր տաղանդավոր զավակին: Կցանկանայինք, որ գրական այս տոնին հայտնվեին և՛ ռուսահայը, և՛ տաճկահայը և՛ պարսկահայը, և՛ Հնդկաստանի, Ամերիկայի ու Բուլղարիայի գաղթական հատվածները, և ոչ միայն այս տոնին, այլև միշտ, նման տոներին և դա դառնար սովորություն:

          Եվ հենց այդպիսով էլ արդարացրած կլինեինք այս տեսակ տոների բարոյական մեծ նշանակությունը: Կցանկանայինք, որ տաժանելի երեսուն տարիներից հետո տևական հանգստի հնարավորություն տրվեր նրան, միայն մի պայմանովվերացած լինեին հարգանքի այն բոլոր միջոցներն ու ձևերը, որ մեր հոբելյարների ստացած պսակների փշերն են կազմում և մարդ չի հասկանում հարգանքի՞ համար են, թե՞ վիրավորանքի: Մանավանդ Շիրվանզադեն, որպես դրամատուրգ, այդ կողմից մեծ հարմարություն է տալիս: Ամեն մի քաղաքում կարելի էր դնել նրա դրամաներից և տալ հոբելյանական ներկայացումներ: Այդ ներկայացումները և նրա երկերի մասին եղած դասախոսությանները շատ բան կապահովեին միանգամայն գեղեցիկ ճանապարհով և կհեշտացնեին հանձնաժողովի գործը – մնացածը հոգալու նույնպես պատվավոր ձևով:

          Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: Եվ երբ որ տեսնի – կհամոզվի, որ նրանց մեջ էլ կւսն այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջն է: