Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՆՈՐԵՐԻ ՀԱՄԱՐ

          Անցյալ իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեծ հասարակությանը որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց:

          Այսպիսի դեպքերում գնահատողը լինում է գրականությունը սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է և այս կամ այն երկթի գրական մթնոլորտը: Դժբախտաբար դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում: Հրապարակը բռնած էր միայն մամուլը, և ահա՛ այդ մամուլն էլ, այս ոգևորված ջահելների խումբը տեսավ թե չէ – ծիծաղը պրծավ: Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա: Եվ այղ ժամանակները մեր կողմերի հայկական շրջաններում, մանավանդ այսպես կոչված «ազատամիտ» բանակում, ավելի ծիծաղելի բան չկար, քան «բանաստեղծ» բառը:

          Երկար է այս տարօրինակ պատմությանը և մտադիր էլ չենք այժմ անելու, բայց ուզում ենք մի անգամ էլ հիշեցնել, որ այսպիսի մթնոլորտում չի ծաղկիլ ու չի ճոխանալ ոչ մի տաղանդ, այլ ընդհակառակը, շատ բան կկորցնի տարիների ընթացքում, մինչև որ խանգարված դադարի վերջնականապես: Եվ այդպես է եղել մեր գրականության մեջ:

          Մեր գրողները, գթեթե բոլորը, խանգարված գրողներ են, խանգարված թե արտաքին, թե ներքին պայմաններից: Այդ պատճառով էլ սրանց լավ գործերը թվելու ժամանակ մեծ մասամբ առաջին գործերն են հիշատակում, երբ թարմ են եղել դեռ ու ոգևորված:

          Բայց թողնենք նրանց: Նորերն են գալիս:

          Արդյոք այնքան փոխվե՞լ են ժամանակն ու հասարակությունը, որ գոնե սրանք մենակ չմնան ու լքված այլ տեսնեն, որ ապրում են հարազատ ժողովրդի մեջ, զգան նրա սիրող սրտի ջերմությանը նրա վերաբերմունքի քնքշությունը, ոգևորվեն, զարգանան ու մեծանան:

          Դուրս է գալի մի նոր բանաստեղծ, բանաստեղծ բառի լավ մտքով և արդեն վկայված է հրապարակում: Բայց ո՞վ է մոտենում նրան, ի՞նչ է սպասում նրան, ո՞վ գիտի...

          Սակայն այս տողերը գրելու առիթը մեզ տվին այն երկու աշակերտները, որոնց առաջին երգերն այսօր տպում ենք «Հորիզոնի» թերթոնում, մինը Ներսիսյան դպրոցի VII դասարանցի, մյուսը Երևանի Թեմական դպրոցի IV դասարանցի1: Կան սրանց նման և մի քանի ուրիշները: Այս պատանիները, որ դեռ աշակերտական նստարանից մեր առջև գոում են իրենց շնորհքը, միաժամանակ հենց այդ օրերից էլ իրենց գլուխները կորացնում են ծանր կարիքի այն սև ճակատագրի տակ, որը չի խնայում ոչ մի տաղանդի: Միաժամանակ հրապարակ է գալի սրանցից ոմանց սոսկ ապրուստի, շատ համեստ ապրուստի խնդիրը: Արդ, եթե տակավին չկա այն հասարակությունը, որը գրականություններ ու գրողներ է ապահովում, մի՞թե չկան մեզանում գրականությունը սիրող ու հասկացող այնպիսի անհատներ, որոնք սիրեին և այս տեսակ մարդկանց կյանքն ու գործը:

          Անշուշտ կան, և շատ բան է պարտական նրանց հայոց գրականությունը: Ահա այդպիսի մարդկանց ուշադրությունն ենք հրավիրում մեր տաղանդավոր սկսնակների վրա: Թող սրանք էլ լինեին ուրիշ շատ որդեգիրների թվում, որ սրանց գեղեցիկ ճանապարհն ու թանկ հաջողությունը ապահովվեին ջահել օրերից: Այս տեսակի լավությունը արված կլինի ոչ թե մի անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, ո՞վ գիտի, գուցե և ավելին, որով և հասարակական տեսակետից բարերարությունն էլ կդառնա ավելի մեծ ու իմաստալի: