Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

          Եվրոպական և ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով: Ինչո՞ւ. որովհետև այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու և կառավարվելու ծրագիրներ ունեն, առևտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում, և արթուն, ուշի՛ ուշով հետևում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, և այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց:

          Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի: Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետևել ենք և հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի ու մյուսի քաղաքականությանը, խորհրդածաթյուններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել, և, թո՛ղ զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել:

          Եվ այս սովորությունը, այս ադաթը այնպես է արմատացել մեր մեջ, այնպես է տիրել մեր ուղեղին, որ, շատ է հավանական, շատերի զարմանքն են հարուցանելու մեր տողերը, թե՝ հապա ի՞նչ կերպ կարող է լինել: Կասեն՝ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք մամուլ ունենք, ինչպե՞ս չհետևենք լուսավոր ազգերի քաղաքական կյանքին: Բայց երբ այդ կուլտուրական ժողովրդի մամուլի ներկայացուցչին, բարերարին ու գյուղատնտեսին դուրս են անում հայ գյուղից, նոր են խոստովանում, թե չեն ճանաչել հայ գյուղացուն ու հայ գյուղը, մի խոստովանություն, որ նորերս արին «Մշակում»1, կամ թե չէ, այդ քաղաքակիրթ բազմությունը, որ քանի - քանի անգամ տեսել է եվրոպական ազգերի կուլտուրական ու քաղաքական գործերի հաշիվը, նոր է իմանում, որ իր թեմական դպրոցներում աշխարհաբար հայերեն լեզու չկա, և հալածված է եղել իր գրականությունը նրանց մեջ, ինչպես վերջերս բացվեց «Հորիզոն» - ի էջերում2:

          Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք: Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի: Եվ ո՞րտեղից պետք է լինի այդ գիտակցությունն ու մտածված վերաբերմունքը, քանի որ միանգամայն տգետ ենք մեր նույնիսկ մոտիկ անցյալին և այսօրվա անցած դարձածին:

          Այսպես է, դժբախտաբար, եվրոպական պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովուրդը: Եզոպոսի աստղաբաշխի3 նման, որ, դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտի տակի ճանապարհը նայելու առաջ է գնում ու գնում է ընկնում ջրհորը:

          Անշուշտ, քաղաքական աշխարհքից պետք է երբեմն - երբեմն տալ տեսություններ և այղ շատ է հեշտ, որովհետև պատրաստ գալիս է տպված, բայց առաջին ու մեծ տեղը պետք է բռնեն մեր աշխարհքը, մեր կյանքը, այդ կյանքի հարցերն ու նրանց յուրջ, ամենակողմանի ուսումնասիրությունը, այն, որ դժվար է, և գուցե դրա համար էլ ամենից քիչ տեղ է ունեցել մեր մամուլի մեջ: