Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

          Վաղը բացվում է Թիֆլիսի հայոց թատրոնը և բացվում է Շիրվանզաղեի «Պատվի համար» դրամայով:

          Մենք չգիտենք ինչն է պատճառը, որ հայոց թատրոնն այսպես ուշ է բացվում, թատրոնի վարչությունը դեռ բացատրություն չի տվել հրապարտկավ, բայց ինչ էլ որ լինի, լավ չի:

          Դերասանական խումբը ընդհանուր առումով հաջող է կազմված, թեև դժբախտաբար դուրսն են մնացել մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը:

          Ռեպերտուարին գալով՝ մենք մի կարևոր նկատողություն ունենք անելու: Ամեն մի Ժողովրդի թատրոն թատրոն է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով:

          Դա է, որ թանկ պիտի լինի թատրոնի համար և նրա հաջող գործերը չպետք է հնացած համակվեն ու դուրս ընկնեն, և եթե մինը կամ մի քանիսը դուրս են ընկնում՝ միայն այն դեպքում, երբ այդ ռեպերտուարը շատ է մեծ ընտրության համար: Այժմ ինչքան է մեծ հայոց ինքնուրույն ռեպերտուարը, որ նրա եղած աչքի ընկնող գործերն էլ դուրս թողնեք: Սակայն Դրամատիկական Ընկերությունը ոչ թե դրանցից մինը կամ մի քանիսն է դուրս թողել, այլ բոլորը և միայն մի հատն է վերցրել – Շիրվանզադեի «Պատվի համար» - ը, այլևս ոչ մի պիես ո՛չ Սանդուկյանից, ո՛չ Ահարոնյանից, ո՛չ Փափազյանից և ո՛չ ուրիշներից: Սա կնշանակի լավ չգնահատել ինքնուրույն գործը:

          Չլինի՞ նրա համար, որ հին են:

          «Մշակն» էլ զարմանում է, որ Դրամատիկական ընկ. վարչությունը սեզոնը բաց է անում հին պիեսով: Այս զարմանքն էլ մենք գտնում ենք միանգամայն զարմանալի: Ո՞րտեղ է ընդունված և ինչու անպատճառ թատրոնները պետք է բացվեն նոր պիեսով: Այս անշուշտ լավ է իմացել և թատրոնի վարչությունը, որ սեզոնը բաց է անում ծանոթ պիեսով, չնայելով իր ձեռքին ունի երեք նոր պիես – Շիրվանզադեի «Արմենուհին», Մ. Գևորգյանի «Փառանձեմը» և Ս. Թառայանի «Սոկրատեսը»:

          Ողջունելով Թիֆլիսի հայոց թատրոնի բացումը, մենք սրտագին կցանկանայինք, որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դրամատուրգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար էլ իրավունք ձեռք բերեր ավելի խստապահանջ լինելու: