Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԶԱՆՈԻՄ

          Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարևոր տեղ: Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով, ինչքան որ կարող է թափանցեք մարդկային միտքն ու գիտության լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնագիտությունից, աշխարհագր<ական> պայմաններից և այդպիսով ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկությաններով, այլև խնամքով հավաքում է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող էին ծածկվել, կորչել հեղհեղուկ ժամանակի ալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ:

          Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն է և ազգագրության տեսակետից հանդիսանում է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ուսումնասիրության, և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները մոռացության ու անհայտության մեջ: Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ: Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակություն է առնում Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը իր թանգարանով ու հանդիսով, որ հիմնել է պ. Ե. Լալայանը1 և անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել: Այժմ էլ նա նոր է վերադարձել Վասպուրականի կողմերից ու հետը բերել է նոր գանձեր:

          Շատ հին ձեռագրեր, որ կոտորածների ժամանակ (սա կնշանակի գրեթե միշտ) թաղված են եղել վանքերի ու եկեղեցիների թաքստոցներում, հանել է, չորացրել, մաքրել ու ցուցակագրել Հ. Տաշյանի ձևով2 և լուսանկարել նրանց նշանավոր մանրանկարներն ու գրերը: Դրանց մեջ կան նաև բավական թվով մատենագիրներ, իսկ հիշատակարաններում պատմական հարուստ նյութ Վսապուրականի անցյալից: Եվ այդ ձեոագիրերի թիվն է 1, 500:

          Կազմած է Վանա, Տոսպա և Հայոց Ձորի գավառակների ազգագրությունն ու նկարագրած նրանց գյուղերը, վանքերն ու բերդերը: Նյութեր է հավաքել Վասպուրականի մանրամասն քարտեզը կազմելու: Նյութեր է հավաքել ժողովրդական հավատի ու դիցաբանության մնացորդների: Գրի են առնված ժողովրդական երգեր ու հեքիաթներ, որոնց մեջ և Սասունցի Դավթի ու Մհերի երկու նոր վարիանտները: Լուսանկարել է 170 տիպեր, տեսարաններ, հնություններ ու սեպաձև արձանագրություններ: Բերել է վանեցի կնոջ ու տղամարդու տարազները իրանց ամեն արդ ու զարդերով: Մի գործ՝ արժանի ամեն շնորհակալության ու ամեն խրախուսանքի և այնքա՜ն կարևոր, այնքա՜ն անհրաժեշտ հայոց պատմության ու հայոց գրականության համար3:

          Եվ մենք ամենայն եռանդով ու սիրով հորդոր ենք կարդում մեր այն ունևորներին, որոնք իրոք սիրում են իրանց ազգի անցյալն ու ներկան, մոտենան ուժ տալու այս շատ գեղեցիկ հիմնարկությանը, մեր ուսուցիչներին ու ամեն տեղ ցրված կարող մարդկանց, որ աջակցեն օր առաջ հավաքելու մեր հին կուլտուրայի ու կյանքի մնացորդները և այսօրվա եղածը ի մի, որ տեսնենք ի՛նչ ենք ունեցել ու ի՛նչ ունենք: