Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ

          Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից:

          Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի:

          Տարիներով կարդացել է՝ ժողովուրդ, ժողովուրդ... Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:

          Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա... Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը:

          Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից ու դրսից: Երբե՛ք: Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով:

          Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև, բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ: Երբե՛ք: Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել: Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ:

          Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին: Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ: Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ: Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից: Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ: Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է: Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են. տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել: Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները: Դարձյալ նույնը, միշտ նույնը, կամ օվսաննա կամ հայհոյանք: Գնա ինչ կուզես դրանից հասկացիր:

          Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի: Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ: Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը – հայ թերթն է:

          Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել:

          Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը – նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով: Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ ու ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես: