Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ

          Մի ժամանակ հայ լրագիրը իր մեջ էր ամփոփում նաև գեղարվեստական գրականությունն ու բանասիրությունը: ժամանակի ընթացքում հասունացավ ամսագիր ունենալու կարիքը: Եկավ «Մուրճը»: Երեք խմբագրություն փոխեց, մի քանի հրատարակիչ ունեցավ, եղած գրական ու գիտական ուժերից շատերին հավաքեց իր շուրջը, բայց այնուամենայնիվ տասնամյակը չբոլորած ստիպված եղավ դադարելու: Դադարեց, որովհետև ամսագրի բաժանորդ ու ընթերցող այնպիսի բազմություն չկար, որ կարողանար պահել: Էլ չենք խոսում նրանից առաջ եղած ու դադարած ամսագիրների ու հանդեսների մասին:

          «Մուրճը» դադարեց և ռուսահայ մամուլի մեջ դարձյալ բաց մնաց ամսագրի տեղը: Այս տարվանից «Մշակին» կից սկսեց լույս տեսնել «Արորը», սակայն նա էլ չկարողացավ գրական ուժեր գրավել, հենց էն գլխից «Արարատի» տպավորությունն արավ ու մնաց եղած - չեղած:

          Դարձյալ զգացվում է ամսագրի կարիքը: Եվ ահա «Հորիզոնի» № 218 - ում, պ,. Սիմ. Տեր - Մինասյանը անում է «Մի կարևոր առաջարկ»1 – հավաքական ուժերով Թիֆլիսում ձեռնարկել մի ամսագրի հրատարակության: Այդ գործի նախաձեռնությունը հանձնարարում է Թիֆլիսում գտնվող հայ գրականագետներին, որ նրանք կազմակերպեն ու տանեն:

          Ժողովուրդը մի գեղեցիկ ասած ունի, ասում է՝ «մերկ մարմնիս կատու շալակելն էր պակաս»: Հիմի հայ գրողներին ամսագիր հրատարակելն էր պակաս: Ո՛չ, այդ սխալ է: Ամսագիրը մեզնում, որ տասնյակ հազարների վնաս տալով հանդերձ դարձյալ չի ապրում, հայ գրողների պահելու բան չի:

          Սակայն ամսագրի կարիքը կա: Այն էլ է ճշմարիտ, որ Թիֆլիսում պետք է լինի և Թիֆլիսում գտնվող գրողները շատ են պետք դրա համար:

          Բայց գործի կազմակերպության և հրատարակության համար ուրիշ մարդիկ են հարկավոր, որ ընդունակ ու պատրաստ լինեն և նյութական զոհաբերության: Եթե կան այդ տեսակ մարդիկ, «Հորիզոնի» էջերը բաց են նրանց համար, թող մեջ գան, հայտարարեն, թե ինչ մասնակցություն կունենան, և, գուցե, ճշմարիտ որ այդ ձևով հավաքական ուժերով կարելի կլինի մի ուժեղ ամսագիր ունենալ և հայ գրողներին ու բանասերներին խմբել ի մի: