Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՎՌԱԶ ՊԱՏԱՍԽԱՆ Պ. Ա. ՄԵՂՐՅԱՆԻՆ

          Պ. Մեղրյան, Ձեր «Ուշացած պատասխանի»1 ու նրանից առաջ տպած հոդվածի միտքն էն է, թե հայ գրողները պետք է մաքուր հայերեն գրեն: Շատ ուշացած ու շատ հասարակ մի խելոք խոսք: Ձեզանից շատ վաղ բոլոր հայ գրողները մտածել են, որ մաքուր հայերեն գրեն: Բայց ի՞նչ կնշանակի՝ մաքուր հայերեն, ահա խնդիրը:

          Ձեր առաջն են բոլոր հայ գրողները, ո՞րի լեզուն եք համարում մաքուր հայերեն, ցույց տվեք ու հրամայեցեք, որ նրա նման գրեն: Իհարկե շատ միամիտ կլինիք, եթե ցույց տաք: Մեր լեզուն դեռ կազմակերպվելու շրջանի մեջն է, և ամեն մի գրող ընտրում է իրեն համար մի ճանապարհ: Նրանց առջևն են և՛ եղած գրական լեզուն, և՛ գրաբարը, և՛ բարբառները, և՛ օտար լեզուները:

          Ես էն կարծիքին եմ, էսպես էլ գրել եմ իմ հոդվածում2, ու հենց իմ բառերն էլ հանել եք Ձեր պատասխանի մեջ., – որ գրողը իր լեզուն հարստացնելու, կազմելու համար ազատ է օգտվելու էդ բոլոր աղբյուրներից, միայն թե պետք է իմանա շնորհքով, խելացի օգտվել և տեղը գործ ածել:

          Իսկ Դուք...

          Ա՛յ տեսեք ինչ եք ասում Դուք: Դուք ասում եք պետք է գրել մաքուր հայերեն, այսինքն, հայերեն լեզվի միջից դուրս վռնդել թուրքերեն, թաթարերեն, ռուսերեն և այլ օտար բառերը և նմուշի համար մի շարք թուրք - թաթարական բառ եք մեջ բերում, ցույց տալու, թե ինչ տեսակ բառերից պիտի զգուշանանք ու պաշտպանենք հայոց լեզվի մաքրությունը, օրինակ, ղարիբ, ղուրբան, դարդ, մարալ, մուշտարի, յաը, խաթր, զիլ, մարագ, նազուք, ջան, ջեյրան և այլն:

          Ձեզ ասում են, թուրք - թաթարականը թողնենք մի առ ժամանակ, դա Ձեզ շատ է խրտնեցնում, եվրոպական բառեր կան, որ միջազգային են և բոլոր ազգերը գործ են ածում, օր. ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, պոեմ, սոնետ և այլն: Ի՞նչ եք կարծում, մենք էլ գործ ածենք, թե չէ:

          Հիմի տեսեք թե Դուք ինձ ինչ եք պատասխանում, լավ ականջ դրեք: Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ ինտելիգենտ գործածողը իրավունք ունի և դա՞րդ գործածելու»:

          Այո՛, հենց էդ եմ ուզում ասել և լավ տեղն եմ բռնել: Եվ ահա Դուք շարունակում եք ավելի խորը խրվելու համար:

          «Սարեր - ձորեր տարբերություն կա. առաջին դեպքում (երբ գործ են ածում դարդ, ջան, չոլ) մենք գործ ունենք զուտ տեղական օտար բառերի հետ, որոնց հայերենը կա. իսկ երկրորդ դեպքում՝ բառերի, որոնք միջազգային բնավորություն են կրում և որոնց համազո՛ր հայերենը չկա. բառեր, որ անխտիր գործ են ածում բոլոր եվրոպական քաղաքակիրթ ազգերը»: Եվ ամփոփում եք.

          «Ես հակառակ չեմ եվրոպական միջազգային բառերի գործածությանը: Այլ խնդիր է սակայն, երբ խոսքը ժողովրդական բարբառներից օգտվելուն է գալիս»:

          Ահա. էս է Ձեր հոդվածների միտքը և մեր տարաձայնության հիմնական պատճառը: Մնացածը ինչ որ պատմում եք, հայ Գամառ - Քաթիպան ծաղրել է բարբառները, նոր - նախիջևանցիք էսպես են խոսում, երևանցիք էնպես... Դրանք բոլորը դատարկ բաներ են և մի գրող մարդու առջև պատմելու անարժան: Նստեք եք՝ քրդի աղջկանը լոլո եք սովորեցնում:

          Էականին եկեք:

          Ուրեմն Դուք դեմ չեք եվրոպական միջազգային բառերի գործածությանը:

          Շատ ենք ուրախ:

          Ինչո՞ւ չեք դեմ:

          Ասում եք՝ երկու պատճառով, առաջինը, որովհետև նրանց համազոր հայերեն չկա. երկրորդն էլ՝ եվրոպական բոլոր քաղաքակիրթ ազգերն անխտիր գործ են ածում:

          Դե հիմի կանգնեցեք:

          Ձեր առաջին «որովհետև» - ը ստիպված պիտի լինիք ետ վերցնելու, որովհետև նրանց հայերենը կա: Կուլտուրային հայերեն ասում են քաղաքակրթություն, և գործ են ածում էդ մտքով, ու Դուք ինքներդ էլ մի քանի տող վերև գրել եք «եվրոպական քաղաքակիրթ ազգերը», ինտելիգենտին հայերեն ասում են մտավորական, պոեմը – վիպերգություն, լեգենդը – ավանդավեպ: Տեսնո՞ւմ եք, հայերենը կա. բայց... բայց նրանք մտնելու և մնալու են Ձեր մաքուր հայերենի մեջ, որովհետև միջազգային բառերն են, բոլոր ազգերը գործ են ածում: Դուք էլ ընդունեցիք ու սրանով Արևմուտքն ապահովեցիք:

          Դե հիմի երեսներդ արեք դեպի Արևելք:

          Ձեզ ո՞վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական - արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ:

          Արդյոք էստեղ գլխի՞ եք ընկնում, պ. Մեղրյան, թե ինչ խախոտ կռիվ եք սկսել: Հայոց լեզվի կազմության խնդրում էն զիջումը, որ Դուք ակամա անում եք կուլտուրական Արևմուտքի առաջ, ես ուրախությամբ էն գլխից արել եմ և անում եմ թե՛ Արևմուտքի և թե՛ մանավանդ Արևելքի ու մեր ժողովրդական բարբառների առաջ: Եվ կրկնում եմ, էստեղ միայն խելքի ու շնորհքի գործ է, թե ո՛վ ինչպես կօգտվի: Իսկ Դուք ասում եք. «Ըստ իս՝ այստեղ ո՛չ շնորհք է հարկավոր, ո՛չ խելք, այլ հարկավոր է միայն լավ հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» («Հորիզոն», № 166, V սյունյակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը, օրինակ, առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»: Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կամ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՛կ»...

          Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ: Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք:

          Եվ ինչպես եք Դուք հայոց լեզվից հանելու մուրազը, արդեն նա ասում է անմուրազ, մուրազատու, ինչպես եք դուրս քշելու մարալն ու ջեյրանը, որ մտած են նույնիսկ եվրոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու ղարիբը, որի մոլի պաշտպանը չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղարի - բաթաղի» երգեր, ինչպես եք ջնջելու զիլը, որի հոմանիշը չեք նշանակում կամ նամն ու նազուքը, որ մտել են ձեր կլասիկների գրվածքների մեջ...

          Հապա էս մի քանի բառի փոխարեն եթե էն մի քանի հարյուրը հանդես դնեինք, որ ասում եք գիտեմ, էն ժամանակ տեսնեիք, թե ինչ դուրս կգար:

          Էսպես: Երկու տարբեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկսվում էս կռիվը մեր գրականության մեջ: Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը Արարատյան: Մի ճամփի սկզբին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին՝ Խ. Աբովյան: Էս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտն ու կենսունակը – էդ հետո կտեսնենք: Հայ ժողովուրդը իր միջից իրար ետևից սերունդներ է դուրս ղրկում դեպի ուսումնարանական ու գրական ասպարեզները և նրանք կվճռեն էս խնդիրն ու ցույց կտան, թե որ ճանապարհով է գնալու հայոց գրական լեզուն, էն լեզուն, որ կազմվելով ու ճոխանալով հանդերձ միայն մի խորհուրդ ու մի իմաստ ունի – խոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին:

          Մի նկատողություն էլ: Դուք, պ. Մեղրյան, գրում եք, իբրև թե «նա (այսինքն՝ ես) ուզում է հավատացնել, որ եվրոպացիներն ու ռուսներն իրենց երեխաներին ավելի աղավաղված, ոչ մաքուր լեզվով գրվածքներ են հրամցնում, քան մենք հայերս», ու վերջումն մի - մի հարցական ու զարմացական եք տնկում: Կարդացեք, խնդրում եմ, № 103 «Հորիզոնը»3 նորից և տեսեք ես ինչ եմ ասել, Դուք ինչ եք դուրս բերում: