Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԴԱՏԸ

          Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ գավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալի, նա, Ուսուցիչը ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ: Նա միշտ եղել է հալածված ու թափառական մի տեղից մյուսը, մի դպրոցից մյուսը, մի հոգաբարձության քմահաճույքից մյուսը, սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված: Նրա ռոճիկը կտրելը անցել է իրերի բնական կարգը, նրա աղքատությունն ու քաղցածությունը համարվում է սովորական երևույթ և հալածելը՝ անպատասխանատու մի գործ: Նրա վրա իրավունք ունեն նրա բարձր գործին – ուսման և ուսումնարանի հարգին ու կարգին անգետ մարդիկ, որ կարող են դատել նրան, ազատ համարել երբ քեֆներն ուզենա, ու էս ամենի առջև դողում է նրա մաշված սիրտը: Եվ ժողովրդի սուր միտքը նրա թշվառ վիճակը հավերժացրել է մի շատ ցավալի բացականչության մեջ. – «վա՛յ քու օրին, վարժապետ...»:

          Էն վերջին ծառան էլ գիտի, որ իր աղեն իրեն դուրս անելիս պետք է ասի, թե պատճառն ի՛նչ է. ադաթ է, կարգ է, ամենատարրական մարդավարությունն ու արդարությունն են պահանջում, բայց հայ վարժապետը զրկված է եղել նույնիսկ էն ծառայի իրավունքից: Եվ սա եղել է ընդհանուր օրենք, տեսուչ, հոգաբարձություն թե հոգևոր իշխանություն՝ չեն քաշվել էսպես վարվելու ոչ միայն դժբախտ գյուղական ուսուցիչների հետ, որ ընկած են մեր երկրի էս կամ էն խավար անկյունները գրեթե կիսավայրենի մարդկանց մեջ, այլև մեծ քաղաքներում, կենտրոններում, համալսարանական մարդկանցից բաղկացած ուսուցչական մեծ կազմերի հետ:

          Էս վերաբերմունքը դառնությունով լցրել է հայ ուսուցչի կյանքն ու սիրտը: Եվ ահա Հովնանյան դպրոցի դեպքը1, շատ դեպքերից մինը, եկավ լցնելու համբերության բաժակը և հրապարակ հանելու նրա լայնածավալ զայրույթը: Միահամուռ եռանդուն բողոքները կենտրոններից սկսած մինչև մեր գավառների խուլ անկյունները լայն կերպով հրապարակ դրին նրա արդար դատը, և ամենքը, ամեն անհատ, ամեն մարմին, որոնց հետ կապված են նրա գործն ու պաշտոնը, ծխական հոգաբարձությունից մինչև հայոց եկեղեցու լռությունը պետք է ուշադրության առնեն:

          Ասում են՝ հոգաբարձությունները մի՞թե իրավունք չունեն ուսուցիչ արձակելու: Ունեն, այո՛, բայց նրանք կարծում են, թե իրենք հենց ուսուցիչ արձակելու համար են: Ո՛չ, ուսուցիչ արձակելու համար չեն նրանք, այլ ուսուցիչ պահելու: Իսկ արձակելու դեպքում էլ էնքան քաջություն ու շիտակություն պետք է ունենան, որ վատին վատ ասեն: Արդարացում չի, թե մի քանի անպետք ուսուցչի արձակելու համար ենք ամբողջ կազմը արձակում, որպեսզի անպետքին անպետք չասենք: Ինչո՞ւ: Ի՞նչ կեղծավորություն է: Էլ ի՞նչպես իմանանք ով է անպետք, և ինչո՞ւ: Չէ՞ որ էդ անպետքը գնալու է պաշտոնավարելու մի ուրիշ դպրոցում: Եթե անպետք է, ամեն տեղ է անպետք: Եվ ինչո՞ւ նրա պատճառով պետք է արձակվի նաև լավ Ուսուցիչը, թեկուզ հենց ձևականորեն: Ո՛չ, նա, Ուսուցիչը պետք է հաստատ իմանա, որ հեշտ չի իրեն արձակելը, որ հաստատ ու ամուր է իր տեղը երկար տարիներով, որ ինքը ժամանակ է ունենալու հասցնի իր ձեռքի տակին կրթվող սերունդը և տեսնելու իր աշխատանքի պտուղը, որ թերևս ավելի թանկ արժե, քան ամեն վարձատրություն:

          Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը, և նույնիսկ հակառակորդները լռում են նրա արդարության առաջ:

          Ժամանակ է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից: