Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈՒԼ

          Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար - հազար աչքերով, հազար - հազար ականջներով, հազար - հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով, կամ մի դարձվածքով: Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի:

          Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ: Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա: Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»: Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում: Չեն կարդում և չեն կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք:

          Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան:

          Եվ ահա, «Հորիզոնի» էսօրվա համարում, հաճույքով տպագրելով Պետերբուրգի մի խումբ ուսանողների բողոքը1, մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա ու խոստանում ենք վերադառնալ էս շատ տխուր խնդրին: