Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ» ԴԱՐՁԱՎ АМЕРИКАНСКАЯ…

          «Հորիզոնի» № 95 - ում Մոսկվայից պ. Արմանը գրում է, թե իմ «Անբախտ վաճառականները» թարգմանած ու տպած է ռուսերեն և ոչ գրած է հայերենից, ոչ էլ իմ անունն է հիշած, այլ հրատարակած է որպես ամերիկական ժողովրդական զրույց, և հարցնում է՝ ես գիտե՞մ էդ մասին, թե չէ1:

          Այո՛, գիտեմ, և ահա պատմեմ, ինչ որ գիտեմ: Դեռ անցյալ տարի իմ բարեկամներից մինը2 մի օր ինձ հարցրեց, թե արդյոք էդ ոտանավորը ինքնուրույն գրվա՞ծք է, թե թարգմանություն: Եվ իմ զարմանքին պատասխանեց, թե ճիշտ դրա նման ամերիկական մի ոտանավոր կա ռուսերեն թարգմանած՝ նրա համար է հարցնում: Ես պատմեցի, որ էդ առակը աշակերտ ժամանակս ես Լոռի իմ քեռուցն եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է3: Միայն «ջրի պեպենակ» - ի (թիթեռ) տեղը ես դրել եմ ճայ: Մի ժամանակ (1885 - 1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները»: Չնայելով «Անբախտ վաճառականների» էս ծննդաբանությանը, ես հայտնեցի իմ բարեկամին, թե շատ հեշտ կարող է պատահել, որ էդ առակը լինի և Ամերիկայում ու գրվածքն էլ նման: Օրինակ, վերջերս կարդացի, նույն առակը ունի և Լաֆոնտենը՝ «Չղջիկ, մացառ ու բադ» վերնագրով, բայց, իհարկե, տարբեր են թե՛ առակը, թե՛ գրվածքը (տես՝ Առակք Լաֆոնտենի, թարգմ. Մ. Նուպարյանի, հրատ. Թիֆ. Հրատ. Ընկ., Թիֆլիս, 1900, էջ 233): Սակայն էս ամենից հետո երբ բերին գիրքը, Библотека «Пчелки». Горе-купцы. Американская народная сказка, թարգմանչուհին էլ տակին – Е. Выставкина, կարդացի, տեսա՝ էս արդեն ուրիշ բան է. էս հենց իմ «Անբախտ վաճառականներն» են, որ դարձրել են американская... Բայց ինչո՞ւ և ի՞նչպես են դարձրել американская... Մտածեցի, գուցե армянская բառն է, որ տպագրական սխալով դարձել է американская, մանավանդ լսած էի տիկնոջ մասին, կարծում էի մեջտեղը մի թյուրիմացություն կա և չէի ուզում հրապարակավ էդքան անախորժ մի նկատողություն անեմ: Խնդրեցի երաժշտագետ պ. Ռ. Մելիքյանին, որ անձամբ ճանաչում է տիկնոջը, իմանա, թե էս ինչպես է պատահել: Ռ. Մելիքյանը իմացավ ու հայտնեց, որ տիկին Выставкина - ն մեղք չունի դրա մեջ, հրատարակիչներն են էդպես արել: Երևի մտածել են, որ американская գրելով կդարձնեն заграничный товар... Ահա եղածը, ինչ որ ինձ հայտնի է: Ես սպասում էի, որ հարգելի տիկինը ինքը կխոսեր էդ մասին, բայց չգիտեմ ինչո՞ւ նա չխոսեց մինչև այժմ: Շատ կխնդրեի, որ գոնե այժմ խոսեր: