Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՈԻՂՂԱԾ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

          Մի գրական - պատմական ուսումնասիրության1 համար վերցրել էի «Վերք Հայաստանին», և հատկապես Բաքվի Կուլտուրական Միության հրատարակությունը երկու պատճառով, նախ, որ շատ է տարածված, երկրորդ՝ արտատպած է Մոսկվայի ժամհարյան հրատարակությունից2, իսկ ժամհարյանի հրատարակությունը ուղղած ու լրացրած է հեղինակի ձեռագրով, «որպեսզի գրքի տպագրությունը հեղինակի բարձր անվան վայել արժանավորություններն ունենա...”, ինչպես ասված է հառաջաբանում: Բայց մեծ եղավ ցավս, երբ գտա, որ էնքան խնամքով ու զգուշավորությամբ արած Մոսկվայի հրատարակությունը ոչ միայն չի ուղղել հնի – Թիֆլիսի հրատարակության, ափաշկարա սխալները, այլև նրա վրա ավելացրել է նոր, ավելի խոշոր սխալներ: Բաքվի Կուլտուրական Միությունն էլ նրանից արտատպելիս իր սխալներն է ավելացրել, և, ահա, էսօր հայ ժողովրդի պաշտելի «Վերք Հայաստանին» դրված է մեր սեղանի վրա իբրև հայ գրքերի մեջ ամենաանփույթ տպված գրքերից մինը, գուցե հենց ամենաանփույթ տպվածը: Հին, 1858 թ. Թիֆլիսի տպագրության մեջ սխալներ կան. օրինակ, էջ 100 տպված է «խոռը վեր ածելով», փոխանակ «խոտը վեր ածելով», դիբա, փոխ. դիբ ա, էջ 258 քյանդաղ, փոխ. փիանդազ է, էջ 128 վտանկավոր ճամփերով, փոխ. վտանգավոր ճամփեքով, կամ թե չէ հնում՝ էջմիածնի միաբանքն էնպես ցրվեցան, որ «երկու ջանիցը հինգն էլա չմնացին...”, նորերում, ուղղածներումն էլ նույն (էջ 109, 120, 138, 269) և սրանց նման ավել կամ պակաս կարևորություն ունեցող սխալներ անարատ մնացել են իրենց տեղը: Էդ հերիք չի, որ եղած սխալները թողել են, շատ ուղիղ տեղեր էլ փչացրել են ու սխալ են տպել: Օրինակ, հնի մեջ (101) ասում է՝ «Աչքդ սառչի ոչ, սրտիդ ու բերնիդ հուփ տուր»: Նորերը (109) շինել են՝ «Աչքն սառչի ոչ...”, հնում (111)՝ «կես սհաթ չքաշեց...”, նորերը (121) շինել են՝ «կես սհաթ անց չքաշեց...”: Հնում (129) Մոկլլուն, նորերը (138) շինել են՝ Մօկլուն: Հնում (129)՝ «Օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամի ղշերը, որ աշխարհքի տակիցն ասես, թռել, հավաքվել էին...”: Նորերը (138)՝ հարամի ղշերը դարձրել են համամի ղշերը: Հինը (130)՝ պատմություններ է անում, ու ասում է՝ «էսքան բանն անց էր կացել... մեր կողմը ոչինչ խաբար չկար», նորերը (139) շինել են՝ «էսբանն անց էր կացել...”, հինը (132) ասում է՝ «... անունը քարերը սասանեցնում էր», նորերը շինել են (141) «... անունը քարերը սասանեցնում էին»:

          Հինը (135) ասում է՝ վարժատան չէին... որ... «քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ (թե՝ հայք էլ վաղ թագավորություն ունեին)”. նորերը շինել են (144) «... քունները վարպետի անսիրտ տրամադրության վրա տաներ», հինը (142) ասում է. «Մկամ տունն կարա իմ ոտը փակել, մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել», նորերը տպել են (151). «... մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել»: Հինը (171) ասում է. «Ձեզ մոտ ենք գալիս, ծնողք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պաշտելիք», նորերը (180) ուղղել են. «... ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պատել եք»: Հինը (201) պատմում է, թե «գլուխ տալը հո ըսկի ադաթ չի. որն եկավ մեկ բարի լիս կամ ողորմի Աստված ասեց ու նստեց», նորերն ուղղել են (210). «գլուխ գալը հո ըսկի ադաթ չի...”: Հինը (221) գրում է. «... քար ըլեր կկակղեր, կրակ ըլեր կհանգչեր, ուր մնաց նրա սիրտը», նորերը (231) տպել են. «... կրակ ըլեր չհանգչեր»: Չափազանցություն չեմ անիլ, եթե էստեղ երկու տող և այլն դնեմ: Կետադրությունը հո՝ էլ մի հարցնեք, կետերը տեղ - տեղ հողի նման ցրված են, որը որտեղ ընկել է, ընկել: Մի՞թե «Վերք Հայաստանին» էսպես պետք է տպվեր: Ամենալավ «Վերք Հայաստանի» - ն դարձյալ մնում է հինը, մինչև մի նոր լավը կտպվի: