Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅԻ ՈԳԻՆ

          Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երեում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով: Էդպես են և մարդկային ցեղերը: Պատմությանը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ անեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի զոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան: Էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով:

          Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից: Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչեք մեր երեկն ու էսօրը:

          Էսքան փորձություն ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը: Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը:

          Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրինը: Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը:

          Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է սանում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը աոանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցին, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին: Եվ ուր որոնենք էդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերում, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաղահանգիստ հովիտներում, ուր «Լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «Վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:

          Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ: Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության...

          Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա: