Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՏԽՈՒՐ Գ. Վ. - ին

          «Մշակի» 81 № - ում պ. Գ Վ - ն արձանագրում է իբրև տխուր փաստ, որ ես, Պոլսի ս. Երրորդության եկեղեցու միտինգի դեմ բողոքելով առիթ տվի «Սուրհանդակին» մի առաջնորդող գրելու (№ 91) 1, որի մեջ հոդվածագիրը միտինգ կազմողներին մեղադրում է, թե նրանք էդ ամենն արել են հեշտ ժողովրդականություն ձեռք բերելու համար և չբավականանալով մինչև այժմ իրենց շուրջը տարածած մահ ու ավերով, ուզում են սատանայական մի նոր դավ սարքել ռուսահայերիս գլխին:

          Այժմ պ. Դ. Վ. ինձ հարցնում է, թե ես ի՞նչ զգացի, երբ կարդացի էս տողերը, որոնց առիթը ես եմ տվել:

          Ամենից առաջ պ. Գ. Վ. - ին պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում, իսկ թե ուրիշը իմ գրածի առիթով ի՞նչ կգրի, այդ միանգամայն իմ գործը չի, ես պատասխանատու չեմ ուրիշների գրածի համար, և նույնիսկ չի կարելի առաջուց ամեն բան նախագուշակել: Օրինակ, ես ի՞նչ կարող էի մտածել, որ իմ բողոքի առիթով «Սուրհանդակի» գրած առաջնորդողից պ. Գ. Վ. - ն էդքան կտխրեր կամ «Մշակ» - ը կվշտանար, մի վիշտ, որ ի՛նչքան անսպասելի էր, էնքան էլ ուրախալի է, որովհետև, հիրավի, մարդիկ գուցե սխալ են, բայց նրա համար հո չեն միտինգ արել, որ մեր գլխին սատանայական դավեր սարքեն:

          Հույս ունիմ, պ. Գ. Վ. - ն չի մոռանալ և կարձանագրի իբրև ուրախալի փաստ, որ սրա առիթն էլ ես տվի ու «Մշակը» վերջապես մի մարդավարի վերաբերմունք ցույց տվեց դեպի իր հակառակորդները:

          Բայց կենտրոնական հարցն էն էր, թե ի՞նչպես ազդեց ինձ վրա «Սուրհանդակի» առաջնորդողը: Համեցեք ասեմ: ճիշտ էնպես, ինչպես ազդել են մինչև օրս «Մշակի» նույն ձևի ասածները:

          Դարձյալ, և ինձ թվում է գլխավորը, պ. Գ. Վ. - ին զարմացրել են իմ հոդվածի մի քանի «անտեղի մտքերը», որ ես թույլ եմ տվել ինձ, և նման բառեր: Էստեղ արդեն պետք է դառնամ պարոնին. – պ. Գ. Վ., ես իսկի չեմ զարմանում, որ զարմացրել եմ ձեզ: Մենք հենց նրա համար ենք, որ զարմացնենք ձեզ և ձեր նմաններին: Դուք էս պետք է վաղուց գիտենայիք, և եթե չեք իմացել, այժմ իմացեք:

          0՜, ես ձեզ լավ եմ հասկանում: Բայց, որքան էլ տխուր լինի էս փաստը ձեզ համար, պ. Գ. Վ., ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով: Հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ մի որևէ վանդակի մեջ փակվելու ու էն տեսակ երգեր երգելու, որ ձեզ դուր գամ: Սակայն, եթե խոսքը կմասնավորեք կոնկրետ խնդրի վրա, կարողություն կունենամ իմ դիրքը որոշելու: Ահա, այժմ խոսքը հայ ժողովրդի վիճակի վրա է, և ասում եմ. իմ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը, սրա պատմությունը, էն սոսկալի դրաման, որ կոչվում է հայոց պատմություն ու էնտեղից են բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը: Եվ ինձ մոտիկ ճանաչողները լավ գիտեն իմ վերաբերմունքը մոտանցյալ դեպքերի ժամանակ, որ եղել է շատ որոշ և ժամանակին դուր չի եկել շատ շատերին: Իսկ առաջիկայում եթե տպագրության տամ համառոտ պատմական տեսություն, որ արել եմ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» - ի 50 - ամյակի առիթով2, դուք էլ, թեկուզ համաձայն չլինեք հետս, գոնե կտեսնեք, որ «անտեղի մտքերը» միշտ տեղ են ունեցել իմ մեջ և ես առաջ եմ գալի ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ: