Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՄԵԾ ՑԱՎԸ

          Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ («Հորիզոն» № 40):

          Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:

          Երկիր ունենք—չենք ճանաչում, պատմություն ունենք—չենք ճանաչում, ժողովուրդ ունենք—չենք ճանաչում, գրականություն ունենք—չենք ճանաչում, լեզու ունենք—չենք իմանում:

          Մտածում ենք, ի՜նչ մեծ պակասության է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք: Չէ՞ երկիրն է իր «առանձնահատկություններով», որ պայմանավորում է ու բացատրում և պատմության, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը, առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

          Պատմություն ունենք–տգետ ենք: Եվ դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

          Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդաոնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստուծո ընտրյալ ժողովուրդ, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը»2, և կույր ազգասիրական տենչով բռնված չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի՝ հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խաոնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրեյ է հանգ<ուցյալ> Ռ. Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից:

                    Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար

                    Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար.

                    Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ.

                    — Ո՞վ հաղթեց. — անշուշտ մեր Հայկը ահեղ»3:

          Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակկան է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրորդը ասում է սոցիալիստ է...

          Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտվի հին արձանագրությունների կողքին աչքերն արցունքով ու վշտով լիքը:

          Հապա գրականությունը:

          Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, և սակայն քանի՞ հոգի կգտնեք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում երկինք են հանում, կամ պախարակում ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի, էստեղից մի կտոր, էնտեղից մի բրդուճ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՞ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչե թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը... Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք: Անշուշտ չգիտեք, – մի 100 ռուբլուց էլ պակաս: Ամբողջ գրականության արժեքը... Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ... Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՜ս— էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է:

          Լեզուն հո... գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ: Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա... հրացանից արձակեցին... Ձեզ կարելի՞ է ուտել... (Вам можно кушать?)» ու նման մարգարիտներ:

          Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենա և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք որպես առանձին ժողովուրդ չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը: