Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

          Մեր մեջ հոբելյանները համաճարակի կերպարանք են առնում: Հոբելյան են տոնում ու հոբելյանի են պատրաստվում ամենքը թե՛ արժանավոր, թե՛ անարժան ու միշտ էլ հրավիրում են ազգի ընդհանրությանը — մասնակցելու: Տարեցտարի բազմանում են էդ «համազգային» տոները և խազաբանությունների ցանկն ու ցուցակն էլ զարգանում ու մեծանում է հետը մի շատ ինքնուրույն տգեղությամբ:

          Հարգելու մարդիկ կա՞ն. շատ գեղեցիկ: Տոնելու գործեր կա՞ն, գանք հրճվանքով ու երգերով: Բայց օրինակ պետք է առնել հասկացող ժողովուրդներից, հենց թեկուզ մեզ մոտիկ ռուսները, տեսնենք նրանք ինչպես են անում: Եթե նրանք էլ մեզ նման հոբելյաններ կատարեին, տարեկան մի քանի տասնյակ հազար հոբելյան պիտի առնեին. և ամեն մեկի հոբելյանն էլ եթե դնեին ամբողջ ռուս ժողովրդի առջև ու հորդորեին, հրավիրեին, թե եկեք պսակելու, փառաբանելու էս ինչ գրողին, դերասանին, խմբագրին, գյուղատնտեսին, ուսուցչին, քահանային և այլն, և այլն, երևակայում եք, թե ի՛նչ ազգային աղետի բնավորություն կարող էր առնել: Եվ եթե ամեն անգամ ամեն մեկի հոբելյանին հավաքվեին ու ճառեին, թե դու ես որ կաս և քեզանով է որ մենք կանք, քեզանից է սկսվում ամեն բան և զանազան համեստ հաց ուտողների մեծ ու հանճար հռչակեին աշխարհովը1 մին երևակայում եք թե ի՛նչ հոյակապ մասխարություն էր լինելու:

          Նրաք էլ են հոբելյաններ տոնում բայց ամեն մեկին իրեն շրջանում: Մին էլ կարդում եք լարագիրներում, թե էս ինչ գրական, հասարակական կամ քաղաքական գործչի հոբելյանը տոնել են: էս ինչ շրջանում: Ուրիշ բան է, եթե նա, կունենա էն տեսակ մի մեծություն, օրինակ մի Տոլստոյ, որի գլուխը երևում է ամեն աշխարհից, որի հոբելյանն էլ, տոնելու եթե խնդիր լինի, ուզենան էլ, չեն կարող պարտակել մի որևէ շրջանում, և վերջապես նրան կարող էր, այո՛, համայն ռուս ազգը գալ պսակելու աշխարհքի առջև ու աշխարհքի հետ և ասել՝ քեզ պսակելով պսակում եմ ինձ՝ ու ռուս ազգի ամբողջությունը, քեզ տոնելով՝ ռուսական հոգու, ռուսական հանճարի հաղթանակն եմ տոնում:

          Ժողովուրդը եթե չի՛ հասկանում, հասկացողները էնքան խղճմտանք պետք է ունենան, որ նրա անհասկացողությունը ի չարը չգործածն ու նրա տգետ գլուխը դարձնեն պատվանդան իրենց համար արհեստական բարձրություններ ստեղծելու և տխուր շփոթություն՝ արժանավորի ու անարժանի, գեղեցկի ու տգեղի, լավի ու վատի:

          Շատ է տգեղ: Օրինակ առնենք ուրիշներից: