Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՈՉ ԳՐԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏ

«Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում ես. մեղավոր չեն նրանք իրանց չնչին գոյությունով: Իսկ նրանց նեղ հոգին մտածում է. մեղք է ծանրացած ամեն մի մեծ գոյության վրա»:

Նինշե

          Աշխարհքում մի մարդ կա, անունը Ռ. Դրամբյան: «Մի դիպվածով» էդ Ռ. Դրամբյանի ձեռքն են ընկնում իմ կազմած և իշխանուհի Մ. Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները: Կարդում է «Ծիտը»: Բարեբախտաբար միայն էս մեկը: Պարոնը սուր հիշողություն է ունենում: Հիշում է, որ դա վերցված է Ս Հայկունու առակներից1: Համեմատում է: Տեսնում է նույնն է «բառացի»: Կարդում է «Լուսաբերի» հեքիաթներից2– նույն բանը... Մտածում է, ահա թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեռք բերելու տենչով տարված գրագետները... », ինչով են փառք վաստակում ու գումարներ դիզում...

          Մաղձը շարժվում է մարդուկի ներսը, տեսնում է «շանտաժ», «ժանտախտ» ու բարձրանում է անխնա «հարվածելու կծու խայթիչ լեզվով»: Առանց ձեռքը դողալու, առանց զգալու, առանց տատանվելու գրում է «Գրական մեծությունները բանագող», նոր սերունդին բոյկոտի է հրավիրում նրանց դեմ («Մշակ» № 162) ու քիթը սրբում, աչքերը ճպճպացնելով վեր է կենում գնա իր սովորական ճանապարհը, որտեղից եկել էր «դիպվածով»:

          Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն: Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր աոջև: Էսպես: Ես ճանաչում եմ ձեզ: Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք: Դուք մինը չեք: Դուք շատ եք: Դուք տիպ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու: Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է, պարապությունից ու «դիպվածով» ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», առանց հասկանալու էլ շպրտում է բառերը, — շանտաժ, ժանտախտ, բանագող... թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն:

          Կանգնեցեք ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռիվ դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ:

          Ո՜վ Դրամբյան:

          Դուք էնքան տգետ եք, չեք էլ իմանում, որ հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում: Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջ է, որ իմանան ի՞նչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա և ժողովրդականի համն ու հոտը չկորցնի:

          Էսպես է, ո՛վ հայոց–գրողներին «կրթող» Դրամբյան: Եթե ես առած լինեի նույնիսկ Ս. Հայկունու գրքից, դարձյալ կմնար իմ արածն օրինավոր ու անպարսավելի: Սա է էն ուղիղ ճանապարհը, որով հոսանք պետք է տալ, ներս բերել առողջ ժողովրդական ստեղծագործությունները և ուժեղ, հարուստ, կենդանի լեզուն:

          Դուք էդ չեք հասկանում, հերիք չէ, դեռ դրա հետ էլ սուտ եք ասում, խաբում եք մարդկանց, իբր թե ես իմ պատմած «Ծիտը» վերցրել եմ Հայկունու գրքից: Էն էլ «բառացի»: Եվ մինչև անգամ երեսն եք ցույց տալիս: Դե այժմ աչքներդ բաց արեք, նայեցեք ձեր ցույց տված երեսին: Ես գրել եմ «Ծիտը», Հայկունին «Աշըղ-Այհլորը»: Իմ ծտի ոտը փուշ է մտնում, Հայկունու աքլորը փուշ է գտնում: Իմ ծիտը տեսնում է պառավը փետի է ման գալի, ուզում է թոնիրը վառի, փետ չունի: Հայկունու այհլորը տեսնում է պառավը թոնիրը վառում է, չի կպչում: Իմ ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում: Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրդել է կաթնի մեջ, էնպես է ուտում: Իմ ծիտը տեսնում է հարսանիքում մսացու չունեն, որ մորթեն. Հայկունու այհլորը տեսնում է շուն են մորթել: Իմ ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ: Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, իմ ծիտն էդպես բան չէ անում: Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կրկնաթյուն է, իմ հեքիաթում չկա: Իմ պատմածի ծտի երգը Հայկունու վարիանտում չկա: Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում: Իսկ իմ ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեռի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թռչում է, գնում:

          Մի քանի տող հեքիաթ և էսքան տարբերություն: Եվ հեքիաթն էլ հենց ամբողջովին կազմված է սրանցից: Դեռ լեզուն էլ թողնենք մնա:

          Ասեք, խնդրեմ, դիպվածական պարոն, սրա՞ն եք ասում՝ «նույն պատմությունն է բառացի»: Սրանո՞վ եք եկել բանագող հռչակելու հայոց (ահա թե որտեղ է դժբախտությունը) գրական մեծությունները: Սրա համա՞ր եք հայոց թերթերում նոր սերունդը բոյկոտի հրավիրում իմ դեմ:

          Եվ էս դեռ էն է, որ ասում եք՝ «բառացի» եմ վերցրել, իսկ եթե մյուսներին գամ, որ նույնիսկ ձեր ասելով «փոփոխված են» կամ «ոտանավորի վերածած», ի՞նչ կտեսնեք: Բայց սրանից հետո, որքան էլ դուք Դրամբյան լինեք, գլուխներդ պետք է մտնի, որ ոչ թե չեմ օգտված Հայկունու վարիանտից, այլ իմն ու նրանը միանգամայն տարբեր վարիանտներ են: Նրա հերոսը իր գտածն է տալի, իմը իր ցավը, նրա հերոսը հարսի տեր է դառնում, իմը մնում է դատարկ: Եվ նրա վարիանտը ես չեմ էլ հավանում, սխալ եմ համարում:

          Էդ պրծանք: Հիմի էս ասեք, ես ե՞րբ եմ էդ հեքիաթը հրատարակել որպես «ինքնուրույն աշխատություն», ո՛վ լուրջ քննադատ Դրամբյան:

          Բաց արեք «Լուսաբեր» 1907 թ ա. տարի, էջ 96. տպված է սև տառերով սպիտակ թղթի վրա՝ «Ծիտը– ժողովրդականից»: Էլ ի՞նչ եք ուզում: Այնուհետև իշխ. Թումանյանի հրատարակությամբ պատկերազարդ տպված է 2400 օրինակ, իսկ 50,000 անգամ, ամենաքիչն եմ ասում, լրագիրներում ու առանձին թերթիկներով հայտարարված է, թե հա՜յ, հարա՜յ, իմացեք ողջ աշխարհն ու բոլոր Դրամբյաններդ, որ էս գրքույկները կազմած են Հովհ. Թումանյանի ինքնուրույն գրվածքներից ու ժողովրդականից առած նյութերից: Էլ ի՞նչ անեինք, ով Դրամբյան, էլ ի՞նչպես վարվեինք, որ ազատվեինք ձեր «լուրջ կրիտիկայից»:

          Եվ տեղն է եկել, թող ասեմ: Գրեթե բացառապես ես, եթե ժողովրդական մի նյութ եմ մշակում, միշտ էլ հիշատակում եմ ու շեշտում, թե տեսեք, որ «ժողովրդականից է»: Բայց չէ՞ որ էս մինչև անգամ ավելորդ է, և սովորաբար էսպես չեն անում, նախ, որովհետև արդեն փոփոխված է, երկրորդ, ամեն խելքը գլխին մարդ, էն նույնիսկ ռամիկը, գիտի, որ հեքիաթը, առակը կամ լեգենդը էս մարդիկ չեն հնարում, չեն ստեղծում, այլ պատմում են, և հերիք է եթե սկսում են՝ «լինում է, չի լինում», կամ գրում են, հեքիաթ, առակ, լեգենդ: Արդեն պարզ է: Դրա համար էլ ուղղակի գրում են՝ «Հեքիաթներ Ղ. Աղայանի», «Հեքիաթներ Ս. Քամալյանի», «Волшебные сказки Перро», « Норвежские сказки Андерсена», և այլն, և այլն: Եվ մինչև ձեր ծնվելն ու «դիպվածով» հոդված գրելը դեռ էս աշխարհում չէր հայտնվել մի խելոք, որ կարծեր, թե էդ մարդիկը բանագողներ են, թեև միշտ առել ու մշակել են ժողովրդական նյութերից, որ տպված են էս կամ էն ազգագրական ժողովածուների մեջ:

          Հենց ինքներդ ընչի դեմ որ խոսում եք, նրանից ավելի հեռուն եք գնում: Դուք, ո՛վ «ամենախիստ» Դրամբյան, ձեր հոդվածում հայ ժողովրդական առակները անվանում եք «Ս. Հայկունու աշխատություններ... »: Աշըղ այհլորը անվանում եք «Ս. Հայկունու առակը... », չնայելով որ նա, գոնե ինձ նման, չի կազմել զանազան տեղերից ու վարիանտներից ու չի մշակել, այլ անփոփոխ վերցրել է ժողովրդինը, և մինչև անգամ էն էլ իսկի ինքը չի գրի առել, այլ բառացի, ինչպես կա, արտագրել է ուրիշի ժողովածուից: Ջափա քաշեցեք, կարդացեք հենց ձեր բաց արած երեսը (17), Աշըղ այհլորի տակը, տպած է. «Խոյեցոց մանկական առակներից. Հայթաղ գյուղի բարբառով. գրի է առնված Հարություն Ավչյանի ժողովածուեն»:

          Արդյոք հասկանո՞ւմ եք ինչ եք անում և կամ կարո՞ղ եք հասկանալ, ո՛վ Դրամբյան: Նրան իր արտագրածի համար ասում եք Ա. Հայկունու աշխատությունը, իսկ ինձ իմ կազմածի ու պատմածի համար՝ բանագող...

          Բայց դեռ կացեք ցույց տամ, որ դուք էդ անհույս կուրության ու անհատակ տգիտության հետ միաժամանակ և իսկի տեղեկություն չունեք էն առարկայից, ընչից որ խոսում եք:

          Թողնում եմ, որ իմ չարաբաստիկ «Ծիտը» ու «Լուսաբերի» մյուս հեքիաթները գրված են շատ առաջ, «Լուսաբերի» ձեռագրի հետ միասին գտնվում էին ցենզորի մոտ և գիրքը տպելու թույլ տվության էր ստացված, որ Հայկունու առակները դուրս եկան: Թողնում եմ մի կողմ, որ ես լոռեցի եմ ու էն գլխից ոչ «դիպվածով», սիրել և հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով առակներով, և շատերն անգիր գիտեմ դեռ մանկուց: Էդ բոլորը թողնում եմ մի կողմ: Ներքև նայեցեք, բեխաբար պարոն, որ զարմանքով տեսնեք, թե էդ հեքիաթներից քանի-քանի վարիանտներ տպված են եղել Հայկունու գրքի դուրս գալուց ու ձեր տխուր ծագումից տսանյակ տարիներ առաջ:

          Համեցեք Ծըտի կամ Աշըղ Այհլորի վարիանտները.

          1) «Վարժարան», մանկավարժական ամսագիր, 1883 թ. № 6. էջ 77, Ճուտիկը. Ա. Մեհրաբյան:

          2) Գ. Տեր-Աղեքսանդրյան– «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը». 1885 թ. էջ 412, Ծըտի վուտի փուշը, թիֆլիսեցոց բարբառով:

          3) «Հայ ժողովրդական հեքիաթներ» Տիգրան Նավասարդյանի, 1894 թ. 8 գիրք, էջ 63, Կորսված աղջիկը, Խրիմու բարբառով:

          4) «Сборник материалов для описания местн, и племен Кавказа», № 32, «Воробей», иягилойск. сказка.

          5) Նույնը, էջ 106, «Лиса и пшеничное зерно», греческ. сказка.

          6) Сб. 33, Проказы лисы. Имеретинок, ск.

          7) Рудченко. Лисичка сестричка. Малорусск, сказка,

          Եվ այն: Եվ այլն: Հասկանում եք, ով միայն Հայկունին «դիպվածով» տեսած Դրամբյան:

          Հիմի դուք Չախչախ թագավորը տեսեք, որ ասում եք Հայկունու Թոզոտ բեկն է3, մի վարիանտ, որ անպայման անաջողներիցն է:

          1) «Հայ ժողովրդական հեքիաթներ, Տիգրան Նավասարդյանի, 1890. 6 գիրք, Չախչախ թագավոր, Վանի բարբառ

          2) Тюлки вэ Чак-чак-бек, татарск. сказка, в стихах. Султан Меджид Ганиев. 1894.

          3) Сб. Мат. [ериалов]. Царь Грушь, кюринск. сказка,

          4) 13, Лисица, армянск, сказка.

          5) Сб. 19, «Лиса и мельник», имеретинская сказка.

          6) Сб. 27, «Лесной человек и кот», ск. терск. казаков.

          7) Сб. 28, «Лисица и пастух», армянская сказка.

          8) Сб. 29, «Старая хлеб-соль не забывается», чеченская сказка.

          9) Сб, 35, «Лиса и Армуданбек», татарск. сказка.

          10) Афанасьев, «Козьма скоробогатый», русск. сказка. 11) Он-же, «Бухтан Бухтанавич».

          12) Сб. св. о кавк. горцах, «Букучи хан», аварск. сказка.

          13) Волшебные сказки Перро. «Кот в сапогах», франц. ск.

          Հերիք է՞ր արդյոք: Մյուսներն էլ կուզեք...

          Եվ կրկնեմ, որ Հայկունու վարիանտները պատկանում են անհաջողների շարքին: Բայց էս բոլորից արդյո՞ք մի բան եք հասկանում, ով գրական մեծությունների դաստիարակ Դրամբյան:

          «Լուսաբերից» եք խոսում: «Լուսաբերը» կազմելու համար մենք ամենալայն կերպով օգտվել ենք ժողովրդական նյութերից և պիտի օգտվենք միշտ, որքան էլ կծու լինի Դրամբյանը ու խայթիչ:

          Էն էլ ոչ միայն մեր ժողովրդականից ենք օգտվում, այլև օտար աղբյուրներից՝ ռուսական, ֆրանսիական, գերմանական, լեհական, բայց մանավանղ անգլիական ու ամերիկական, հարկավ, մեր ինքնությանն ու մեր մտածողության եղանակին հարմարեցնելով:

          Հեղինակի անունը հիշում ենք, եթե մի ուրիշ հեղինակից ենք վերցրել նույնությամբ, ինչպես, օրինակ, կտեսնեք տպած՝ Ամիչիս, Մամին Սիբիրյակ, Շիլլեր, Գյոթե, Անդերսեն: Եթե փոփոխած կամ վերապատմած է՝ ըստ Ամիչիսի, ըստ Մամին Սիբիրյակի, որ կտեսնեք ձեր բարի աչքով:

          Գալով ժողովրդականին, նույնպես բոլորի դիմաց նշանակում էինք «ժողովրդական» կամ «ժողովրդականից»: Բաց արեք «Լուսաբերի» 1907 թ, Ա. տարվա ցանկը և կտեսնեք: Բայց հետագայում խմբագրությունը, ինչոր փոփոխված է, իր իրավունքը չհամարեց անվանել ժողովրդական ու վարվեց էնպես, ինչպես ամբողջ աշխարհքն է վարվում՝ միայն զուտ ժողովրդականի դեմը թողնել «ժողովրդական» բառը:

          Եվ ահա էսպես, ո՛վ հայոց գրականության խուզարկու Դրամբյան:

          Ինչպես տեսնում եք, ժողովրդական նյութերը՝ հեքիաթները, լեգենդները, առակները, երգերը, անեկդոտները թափառում են գավառից գավառ, երկրից երկիր, լեզվից լեզու, ազատ, անպասպորտ: Եվ իսկի մի զարմանաք, որ Ս. Հայկունու գրքից դուրս էլ նրանց հանդիպում եք էսքան շատ վարիանտներով կամ հենց նույնությամբ, մանավանդ նույն երկրում, նույն ժողովրդի մեջ: Մի՛ զարմանաք ու մի՛ զայրանաք, ով Դրամբյան:

          Տեսնո՞ւմ եք, ես «դիպվածով» չեմ զբաղվել էս գործով: Տեսնում եք, Հայկունու գրքից առաջ էլ ինչքան նյութ ու քանի վարիանտ եմ ունեցել ձեռիս տակ, և ես ավելի զգույշ ու լուրջ եմ վերաբերվել մի «ծըտի», քան թե դուք մի «գրական մեծության»: Դարձյալ մի՛ զարմանաք, ով Դրամբյան, այլ հասկացեք, հենց էս տեղ է տարբերությունը «մեծության» ու «ոչնչության»:

          Ես էլ շատ եմ ցավում, ով քնքուշ Դրամբյան, որ Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչպես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, ու դեռ շատերը պիտի մեռնեն էս փուչ աշխարհքում: Էդ ճշմարիտ է, բայց, հավատացնում եմ, հանգուցյալը նրանից չմեռավ, որ ես «Ծիտը» գրեցի... Ահա տեսեք, ինձանից ու Հայկունուց ուղիղ 26 տարի առաջ Ա. Մեհրաբյանը նույն հեքիաթը գրել է «Վարժարանի» մեջ...4

          Ի՞նչ անենք, ով Դրամբյան, ծաղիկը դրած է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:

          Էդ ժողովրդական նյութերը անհիշելի ժամանակներից անհուն ու անսպառ փռված են մեջտեղը, ինչո՞ւ չէիք օգտվում, ով Դրամբյան: Եվ եթե օգտվողի դեմ խոսելու էդքան ախորժակ ունեք, ինչո՞ւ ավելի մեծ բանից չեք խոսում, քան թե «Ծիտն» է: Մի Սասունցի Դավիթ... քանի ժամանակ էր բանահավաքները Մոկաց մութը լեռներից բերել էին ձեր առջևը ձգել: Բացատրում էին ու հիանում: Սակայն ձեզ համար ու ձեր երեխաների համար նա գոյություն չուներ ու չկար: Չէ՛ որ նույն ժողովրդական նյութն եմ վերցրել ու միայն պատմել, կամ ինչպես դուք ասում եք, «վերածել ոտանավորի», և էն էլ աշխատել եմ որքան կարելի է «բառացի», ժողովրդականին հավատարիմ, ուրիշ ոչինչ:

          Ո՞րտեղ էիք, ո՜վ Դրամբյան: Հիմի համեցեք, երբ որ «բառացին» էդքան հեշտ է, հմայիչ, հեղինակի կոչում է տալի և գումարներ է դիզում: Ահա, փռված են...

          Բայց ոչ ձեզ չի տված՝ ոչ եղածը վերցնելու շնորհքը, ոչ ստացածը գնահատելու առաքինությունը, այլ համբակի թեթևամտությունը և տափակ, փոքրիկ հոգու մաղձն ու թույնը:

          Եվ զուր եք կարծում դուք, դուք և բոլոր ձեզ նման Դրամրյանները, թե ես իմ էդ գործերով շատ եմ ինքնագոհ ու մեծ բաներ եմ համարում: Մեծ բաներ են, այո՛, բայց ոչ ձեզ համար, և ձեր խելքը հազիվ թե «Ծտին» էլ հասնի, իսկ ինձ համար—երբեք:

          Արդյոք հասկանո՞ւմ եք, ի՛նչ եմ ասում, ով լուրջ կրիտիկոս Դրամբյան:

          Վերջացնենք:

          Այո՛, «Ս. Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչ պես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, Մուրացանը, Պարոնյանը և ուրիշները»: Լա՛վ, բայց դրա համար իմ դե՞մ եք ղալմաղալ անում, ո՜վ դուք մեռելների սիրահար ու կենդանիների թշնամի Դրամբյան, ո՜վ ամեն, շնորհքի հավիտենական ոխերիմ Դրամբյան, ամեն բարի աշխատանք ուրացող, ամեն ազնիվ ու գեղեցիկ գործի չարախոս ու չարակամ Դրամբյան, և, ավաղ, անվերջ, անմահ Դրամբյան:

          Ցավում ու գովում եք մեռելներին: Վաղն էլ, անկասկած» կգովեք և ինձ. ինձ, որից, էսօր, հորդորում եք մանուկ սերունդին– երես դարձնի: Կգովեք: Բայց գիտե՞ք, թե ձեր գովասանքը ձեր հայհոյանքից ինչքան ավելի ծանր է ու գարշելի, ինչպես և զզվելի է ձեզ հետ վիճելը:

          Եվ էս պատասխանը գրելուց առաջ ես վարանքի մեջ էի. — լռեմ, ու բանագողությունն ընդունեմ ինձ վրա, թե՛ պատասխան տամ սրան, երկուսից ո՞րն է ավելի տգեղ ու անպատվաբեր: Եվ, անշուշտ, ձեզ հետ վեճի բռնվելը շատ ավելի տգեղ է ու անպատվաբեր, բայց պատասխանեցի, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, դուք մեր կյանքում, դժբախտաբար, «սովորական երևույթ» եք, թեև միաժամանակ միանգամայն ոչնչություն: