Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

          Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով: Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տաք խեղճ ու ողորմելի: Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը:

          Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանդը և... մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառում, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբում էր, թե սոված էր, իհարկե, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեռավ...

          Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»... այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին...

          Ընչի նման է այս. այս խեղճ ու անճարակ աղմուկը, որ ամեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրա– այսքան սուտ և այսքան տգեղ ու վիրավորական միայնգամայն:

          Ես ճանաչում եմ գրեթե բոլոր հայ գրողներին: Նրանք ընդհանրապես, ոչ թե մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում: Այո՛, նեղություններ են քաշում:

          Բայց ո՞վ չի նեղություն քաշում իր մասնավոր կյանքում: Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կա այստեղ:

          Ահա և Պռոշյանցը: Մեռավ: Ո՞վ է ասում, թե նա քաղցած էր կամ մերկ: Ով որ էլ լինի— սուտ է ասում: Իսկ թե եղել է այս կամ այն պաշտոնին — ինչ կա արտասվելի: Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին, մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել և տեսել է օգուտ չի անում, թողել է: Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր: Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որևէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում: Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք: Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ և՛ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, և՛ թոշակ ուներ, և՛ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց: Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած: Ո՛չ, միայն մի ձեռնարկություն սխալ ու ձախորդ:

          Ոչ, սոված ու մերկ չեն հայ գրողները: Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել: Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է— ի միջի այլոց:

          Այս արդեն ուրիշ խնդիր է: Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար: Եթե սրանից եք խոսում—խոսեցեք: Գրողի ու նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրավորական բան չկա: Ընդհակառակը, մենք գնահատում ենք գրողի տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք: Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր Ժողովրդի համար: Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ թժիշկ լինի, լավ, ինժեներ, լավ ուսուցիչ

          Սրանից եք խոսում—խոսեցեք: Չեք արել ցավում եք— ցավեցեք: Չե՞ք ցավում —այդ էլ ձեր բանն է:

          Բայց վեր կենալ մարդու դագաղի: վրա— էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան...

          Ամո՛թ է վերջապես:

          Չեք. կարողանամ, գրականություն ու գրող, պահել այդ, հերիք չէ, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են: