Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

          Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարխքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

          Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

          Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղական են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

          Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

          Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

          Այդպես պիտի լիներ մարդը, ես առավել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

          Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

          Եվ հանկարծ... դուք տեսնում եք... Նա խաղ է անում, դերասանության է անում:

          Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

          Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

          Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի...

          Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են ախ կամ այն ասպարիզում:

          Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու...

          Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

          Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

          Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

          Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

          Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

          Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

          Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում...

          «Ժողովուրդը մեզ հետ է... Ժողովուրդը ձեզ կդատի... Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ... »:

          Այդ հերիք չէ դեռ: ժողովուրդն էլ են կնղծում:

          Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորա- գրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

          — Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է:

          Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: Եվ ո՞վ պիտի ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը...

          Կեղծի՜ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:

          Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես...

          Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա:

          Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ:

          Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը: