Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՇԵՔՍՊԻՐ. ՀԱՄԼԵՏ

Թարգմ. Գարեգին Հ. Բաբազյան Վիեննա.

1899. Մխիթարյան տպարան

          Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը: Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին: Այս պահանջը մեծանում է մանավանդ, երբ թարգմանվում է այնպիսի մի երկ, որի ամեն մի խոսքն ու նախադասությունը, չափած ու կշռած, ունեն իրանց խոր նշանակությունն ու հաստատ տեդը: Այսօրինակ գործերից է Շեքսպիրի Համլետը, որ անգլիերենից թարգմանել է պ. Բաբազյան: Այս Համլետի երրորդ հայերեն թարգմանությունն է: 1889 թվին Թիֆլիսում հրատարակվեց պ. Ս. Արծրունու թարգմանությունը: 1894 թվին Թիֆլիսում հրատարակվեց Համլետի երկրորդ Հովհաննես Խան-Մասեհյանի արած թարգմանությանը անգլիերենից:

          Վերջապես ահա երրորդը- պ. Բաբազյանի թարգմանությունը, նույնպես բնագրից, տպված Վիեննայում: Պ. Բաբազյան, որ՝ հավակնություն չունի խորհելա, թե իր թարգմանությունը թերություններե զերծ եղած լինի, հրատարակում է այն, զանգի պ. Ս. Արծրունու թարգմանությունը անչափ տարբեր է բնագրից, իսկ պ. Մասեհյանի թարգմանությունը, որի վրա քննադատություններ եղան ազգային թերթերի մեջ, չի ներկայեր այն հանգամանքները, «զոր այսպիսի կարևոր գործի մը թարգմանությունը կպահանջե»:

          Չգիտեմ, բացի թերությունները, որ թարգմանիչը խոստովանում է, թե իր գործն էլ կունենա, ուրիշ ինչ հանգամանքներ են, որ այսքան նվաստացնում են պ. Մասեհյանի թարգմանությունը, բայց ազգային թերթերի մեջ («Տարազ», 1896, № № 40, 41, 48, 44 և. 45 ). այդ գործի մասին խոսողներից մեկն էլ, ես եմ եղած և չեմ. հավանում պ. Բաբազյանի այդ խոսքերդ:

          Ահա մենք սրտագին ողջունելով նրա. աշխատությունը, համառոտ ցույց կտանք նույն, տեսակ, թերություններ, ինչ որ ժամանակին նկատել ենք. պ. Մասեհյանի թարգմանության մեջ: Եվ թող նա չկարծի, թե այս տեսակ նկատողություններով դիտավորություն ունենք հերքելու իր, ինչպես և իր նախորդի, գործի լրջությունն ու կարևորությունը:

          Օրինակներ բերենք:

          Համլետը Պոլոնիոսին ասում է.

          

          — Այո՛, պարոն, պարկեշտ լինել ինչպես աշխարհս կքավե, կնշանակե տասն հազարեն մին ընտրել: 54:

          

          Քերականորեն սխալ այս նախադասության միտքը միանգամայն հակասում է Համլետի հայացքներին և իսկույն մատնում է իրան:

          Պ. Մասեհյան այսպես է թարգմանել.

          

          Ա՛յ, — լինել ազնիվ այսպիսի աշխարհում,

          Այդ է՝ լինել ընտրյալ տասն հազար մարդից:

          

          Հանգուցյալ Ադամյանի – դերի մեջ այսպես է եղել, — Այո՛, լինել ազնիվ մարդ, – նշանակում է լինել ընտրյալ տասն հազարներից:

          Բայց ջնջել է և իր ձեոքով գրել այսպես.

          — Այո՛, աշխարհիս այս ընթացքին մեջ հազիվ, կարելի է տասն հազար մարդոց մեջ. մի ազնիվ մարդ գտնել:

          Օֆելիան Համլետի հիշատակները վերադարձնելով – ասում է.

          

          «... Անոնք իրենց անույշ բույրը կորուսին, ետ առե՛ք զանոնք. քանզի ազնիվ հոգվո մը համար ճոխ նվերներն իրենց արժեքը կկորսնցնեն, երբ նվիրատուք անբարեսեր կդառնան»: 79:

          

          Օֆելիայի բողոքն այն մասին չէ, թե Համլետ անբարեսեր է դարձել, այլ անտարբեր, ինչպես որ գործ է ածել և պ. Մասեհյանը: Այսպես են տրամադրում և Օֆելիայի խոսքերը, թե՝ մի ժամանակ երբ ընծայեցիք, «անոնց կընկերանային այնպիսի քաղցրաբույր խոսքեր, որ ավելի ևս ճոխ կընծայեին զանոնք»: Այդ քաղցրաբույր խոսքերը հիշեցնելով ու անտարբեր անվանելով, Օֆելիան ուզում է սիրո խոստովանություն, նորից քաղցրաբույր խոսքեր դուրս կորզել Համլետի բերանից, որ լսեն թաքնված թագավորն ու Պոլոնիուսը և ստուգեն թե Համլետ անտարբեր է դեպի Օֆելիան թե չէ, սիրո: կսկի՞ծն է պատճառ, որով նա, կտառապի, թե ուրիշ վտանգավոր մի պատճառ կա, որի կասկածն անհանգիստ է անում հանցավոր արքային:

          Համլետը դերասանին ասում է,

          

          — Ըսե՛ք, կխնդրեմ, այն հատվածը արագությամբ, ինչպես ես արտասանեցի», և այլն: 83:

          

          Արագությամբը թարգմանիչը սահուն բառի տեղն է գործածել: Համլետ իր խոսքի շարունակության մեջ խրատ է կարդում դերասանական արվեստի մասին և ասում է, նույնիսկ կրքի հեղեղի ու փոթորկի ժամանակ պետք է չափավորություն պահել, գործողությունը խոսքին հարմարեցնել, խոսքը գործողության: Նա չէր կարող այդպես հորդորել դերասանին:

          Պ. Մասեհյան ասում է՝ թեթև և ազատ:

          Кетчер ասում է плавно. Соколовский—легко и развязно. Հանգ. Ադամյանի դերի մեջ ասված է— հեշտությամբ և ազատ:

          Այս խոսակցության մեջ Համլետ հիշում է Թերկամանդ և Հերոդ (Հերովդես ) անունները: Պ. Բաբազյանը ծանոթության մեջ ասում է – հին ժամանակվան դերասաններ:

          Այնինչ Թերկամանդ սառակինոսների մի կուռք էր, որին վերագրում էին չար ու դաժան բնավորություն, իսկ Հերովդեսը, Հրեաստանի հայտնի Հերովդեսն է, որ Շեքսպիրի Ժամանակները սովորաբար ներկայացնում էին միստերիաների մեջ:

          Գոնզագոյի սպանությունը ներկայացնելիս դուրս է գալիս Լուչիանոս: Համլետ բացատրում է.

          

          Այս Լուչիանոս անուն մեկն է, եղբորորդի թագավորին:

          Օֆելիա. — Դուք խմբերգին տեղը շատ լավ կըբոնեք, տեր իմ:

          

          Համլետ. — Պիտի կարենայի բացատրել, ինչ որ ձեր, և ձեր սիրահարին մեջ կդառնա, և այլն: 95:

          

          Խոսքը բացատրության մասին է և իշխանը պարծենում է՝ իբրև լավ բացատրող: Բայց ինչ ունի այստեղ խմբերգը: Պ. Մասեհյանն էլ գործ է ածել երգիչների մի ամբողջ խումբ: Այս хор բառն է, որ ռուս թարգմանիչներն իրանց թարգմանությունների մեջ хор էլ թողել են: Хор— Շեքսպիրի ժամանակները կոչվում էր այն մարդը, այն դերասանը, որ խաղամիջոցներին դուրս էր գալիս պիեսի մութ տեղերը բացատրում, մեկնում և զբաղեցնում հասարակությանը: Մեր թարգմանիչները երևի այս хор -ը շփոթել են հունական хор -ի հետ և առաջ է եկել այսպիսի կոպիտ սխալ՝ բացատրողի փոխարեն դուրս է երկել երգիչների խումբ:

          Համլետ՝ մոր հետ տեսակցության տեսարանի մեջ՝ վարագույրի ետևից սրով զարկում է Պոլոնիոսին և բացականչում.

          

          Մեռած, տոլարի մը համար մեռա՜ծ. 108:

          Համլետ ասում է, — «Մի դուկատ գրավ կգամ, որ սա մեռած է», ինչպես թարգմանել է պ. Մասեհյան: Հանգ. Ադամյանն իր դերի մեջ իր ձեռքով գրել է գրավ կդնեմ, որ մեռավ, այո՛, մեռավ:

          Թագավորը Համլետին հայտնում է, որ պատրաստվի Անգլիա երթալու: Համլետ այդ խոսակցության մեջ ասում է.

          Մնաս բարյավ, սիրելի մայր իմ:

          

          Թագավոր. — Եվ հայրդ, որ կըսիրե քեզի, Համլետ:

          Համլետ. — Իմ մայրս, հայր և մայր՝ այր և կին է. այր և կին մի մարմին է. այսպես ուրեմն, մայր իմ: Օն յԱնգղիա: 125:

          

          Այս տողերը կարդացողը կարող է կարծեի թե Համլետ մնաս բարյավ է ասում մորը, այնինչ մայրը իսկի չկա այդ տեսարանում: Պ. Մտսեհյան պարզ է դուրս բերել.

          Համլետն ասամ է.... Մնաս բարյավ, սիրելի մայր իմ:

          Թագավոր. — Ես քո սիրող հայրդ եմ, Համլետ:

          Համլետ. — Իմ մայրս... Հայր և մայր այր և կին են. այր և կին՝ մի մարմին են: Ուրեմն, դուք մայրս եք:

          Համլետ հորեղբայր— հորն է, մայր անվանում, որ «Անչափ խանդադատելով նրա մասնավոր ապահովության համափ... շուտափույթ ղրկում է Անգլիա»:

          Խելագարված Օֆելիան երգում է.

          

                    «Քանզի Րոպին, սիրուն թոչուն,

                    Է իմ միակ ուրախություն»:

          

          Րոպին ծանոթության մեջ բացատրում է — «Կարմրալանջ թոչուն մ ը»: 137:.

          

          Այս մի հին սիրային երգի կտոր է: Պ. Մասեհյան այդ տողերն այսպես է թարգմանել.

          

                    «Իմ սիրեկան անույշ Ռուբենն

                    Է իմ միակ ուրախություն»:

          

          Գերեզմանափորը Համլետի հետ» սրախոսում ու բառախաղություններ է անում: Համլետ բացականչում է. «Անպիտանն որչափ բացարձակ է իր պատասխաններուն մեջ... »:

          Տեղին անհարմար և միանգամայն հակասող մի բառ:

          Ընդհակառակը, Համլետ ուզում է ցույց տալ, որ նա իսկի բացարձակ չէ իր պատասխանների մեջ, և խոսքն այսպես է շարունակում.

          

          «Քարտես ի ձեռին խոսելու է հետը, եթե ոչ ամենափոքր երկդիմի բառ մը պիտի մատնե մեզի: Արդարև, Հորեշիո, երեք տարիներե ի վեր կըդիտեմ, թե դարս շատ բծախնդիր եղած է... » 157:

          Բացարձակ բառի տեղ Кетчер և Каншин գործ են ածում придирчив. Մտսեհյան թարգմանել է.

          

          «Ինչպես նրբամիտ է թշվառականը. պետք է սրա հետ կողմնացույցով խոսել... »

          

          Կարճ կտրելով այս նկատողությունները, այժմ ցույց տանք բաց թողած կտորները: Այդ կտորները ես կարտագրեմ Մստեհյանի թարգմանությունից:

          Օֆելիան Համլետի ընծաները վերադարձնելով ասում է. — «Դուք ինձ հավատացնում էիք, թե սիրում եք ինձ»:

          Համլետ. — Իսկ դու չը պիտի հավատայիր ի նձ, որովհետև առաքինությունը չէ կարող այնպես պատվաստվել մեր փտած ծառաբունի վրա, որ մի համ մնացած չը լինի մեր քիմքում: Ես քեզ չէի սիրում:

          Օֆելիա. — Ուրեմն ևս ավելի խաբված եմ եղել:

          Խելագարված Օֆելիան պալատում երգում է.

          

                               Օֆելիա

          

                    Վկա երկինք և սուրբ Կատրին,

                    Ավա՜ղ, ամոթ բան է.

                    Ինչ մարդ լիներ, այդպես կաներ.

                    Իրավ, դա ցած բան է.

                    Կույսն ասում է. ինձ խոսք տվիր

                    Ինձի քեզ հարս առնել:

          

          Նա պատասխանում է.

          

                    Քեզ կառնեի, թե դու չէիր

                    Իմ անկողին մտել:

          

                               Թագավոր

          

          Ո՞րքան ժամանակ է, որ սա այսպես է:

          

          Հոր մահվան բոթն առած՝ Լաերտ գալիս է Դանիա և մոլեգնած ներս ընկնում պալատ, ապիրատ թագավորից իր հայրն է ուզում: Թագուհին մեջ է ընկնում խնդրելով – հանդարտորեն, սիրելի Լաերտս:

          

                               Լաերտ

          

          Արյան այն կաթիլը, որ հանդարտ լինի, անունս կկնքի պոռնըկի որդի, դա հորս կանպատվե, և նույնիսկ այստեղ, առաջինի մորս անբիծ ճակատին կդրոշմե երկաթով բոզության սպին:

          

          Այս կտորները չկան պ. Բաբազյանի թարգմանության մեջ: Պակաս տեղեր կան նույնպես և 16, 90 և 95 երեսներում, իսկ 33 երեսում Համլետի խոսքերը հայրն է ասում: Ապա այսպիսի նախադասություններ ունի:

          

          «... Խնդրեցի իրմե, որ մեզի հետ մանրամասն հսկե այս գիշեր. 2. փոխանակ արթուն հսկե: Թե գործն այս կետին հասնե՜ր... 1 5:

          Փոխանակ ասելու— միթե գործն այս կետին պիտի հասնե՜ր:

          

          «Տեր իմ, նա իր սիրով՝ բայց պատվաբեր ձևերով կհոգնեցներ զիս. 25:

          Փոխանակ ասելու— նա իր սերը ինձ հայտնում էր պատվաբեր ձևերով:

          Շատ խորթ են հնչում այս բացականչությունները.

          

                    Հո՛լա Պերնարտո. 2.

                    Բո՜ւհ, Դու կանաչ աղջիկ. 25.

                    Հիլո, հո՜ հո՜, տեր իմ. 35.

                    Հո՜, Հորեշիո. 86 և այլն:

          

          Գրքի սրբագրությունն այնքան անփույթ է կատարված, որ մարդ չի հավատում, թե Մխիթարյան տպարանից է դուրս եկած, կարծես Թիֆլիսի հայոց Հրատարակչական ընկերության հրատարակություններից լինի: Այսպիսի տառասխալներ են պատահում:

          Ռիտո, փոխանակ՝ Դիդո, 66. Նիրկանյան, փոխանակ՝ Հիրկանյան, կուզե, փոխանակ՝ կուտե. 124. գաք, փոխանակ՝ գնաք, դուրս, փոխանակ՝ դարս, 173: Տառասխալներ, որ փոխում են ամբողջ նախադասության միտքը: