Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Խ. Աբովյանի հիշատակին)

          Այս դարի կեսերից մեր կյանքում ամենուրեք, ուր հայ է ապրում, սկսվում է մի եռանդուն մտավոր շարժում, եղած ուսումնարանների վրա տասնյակներով նոր ուսումնարաններ են բացվում, հին ուսումն ու ուսուցման խալիֆայական եղանակը դատտպարտելով, մանկավարժական նոր ձևերով, կյանքի պահանջներին ավելի հարմար նոր գիտելիքներ են ավանդվում. իրար հետևից պարբերական թերթեր են հրատարակվում և հայոց հրապարակախոսը յուր թերթի ճակատին նշանաբան է դնում՝ «Այսուհետև ոչինչ եգիպտական քուրմեր, որ կամեին լինել գիտության միակ պահապանքը, այսուհետև ոչինչ Չինեական պարիսպ, որ պիտո է փակեր լուսավոր գաղափարների մուտքը ազգերի մեջ: Այսուհետև լույս և ճշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից» («Հյուսիսափայլ»)1:

          Այդ ժամանակներից տպագրությունը լայն ծավալ է առնում, և հայոց գրողը, որ գրաբար էր գրում, և որքան կարող էր ավելի խրթին, որ զարմացնի ու ցույց տա, թե «որքան խորը տեղյակ է հայերենին», կանգ է առնում՝ միտք անում. «... ո՞ւմ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՛ հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆռանցուզերեն գրած, թեկուզ գրաբար՝ տասը կըլի, որ հասկանային, քայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախըր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում» էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր. ում պետք է ասես...» («Վերք Հայաստանի»)2: Եվ այսպես միտք աճելով յուր քերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությանը ծալում, «ղրաղ» է դնում ու սկսում է յուր հայրենիքի վերքը — յուր սրտի ցավը ժողովրդի լեզվով հայտնել ու պատմել՝ գրականության մեջ անասասան դնելով աշխարհաբարի հիմքը:

          Այդ ժամանակները գյուղերից ուսումնատենչ պատանիներն փախչում են քաղաք ուսում առնելու, մարդ դառնալու համար:

          Այդ ժամանակները քաղաքներից երիտասարդները հազար ու մի նեղություններով իրանց գցում են եվրոպական համալսարանները, և միշտ հիշելով հայրենի երկրի խեղճությունը— օր ու գիշեր ճգնում ու տքնում են նրա համար լույս ու մխիթարանք բերելու լուսավորության արևելքից: Եվ իրար հետևից վերադառնում, գալիս են բարոյական ու կենցաղավարական նոր հայացքներով ու հասկացողություններով, ժողովրդի լուսավորությանը ծառայելու, նրան բարձրացնելու տենչանքներով վառված ու ոգևորված սկսում են մի մոլեռանդ գործունեություն—մի չտեսնված իրարանցում ձգելով ընդարմացած ժողովրդի խավերի մեջ:

          Այդ՝ կենդանության թարմ ու առողջ մի շունչ էր, որ փչեց մեր քնաթաթախ թմրած կյանքում սթափեցնելով ու ցնցելով՝ մինչև ուր հասավ: Այդ մեր նոր կյանքի արշալույսն էր, որի նշույլները հենց որ սլացան մեր խավար կյանքում—ազատարար կոչնակի նման Ռուսաստանի հյուսիսային ծայրից լսվեց ազգային վերածնությանը հառաջընթաց բանաստեղծի ձայնը—

          

                    Հառա՜ջ հայություն, հառա՜ջ ազգություն,

                    Լուսավոր դարուս գաղափարներով:

Ա Շահազիզ)

          Այդ բոլորովին նոր երգ էր, նոր խոսքերով ու եղանակով: Նա պարզ ու հասկանալի լեզվով հառաջ է կանչում ժողովրդին, գիտության, կրթության, լույսի ու ճշմարտության անունով էր հուզում ու խրախուսում, յուր ոգևորության հետ հասարակաց պիտույքն էր բարձրացնում Պառնաս, և ձգտում էր լինել հասարակաց զգացմունքի թարգմանն ու բարձր արտահայտությունը:

          Հիրավի մի այլ երկնքի տակից Պեշիկթաշլյանը կանչում է.

          

                    Տո՛ւր ինձ քո ձեռքդ, եղբայր եմք մեք,

                    Որ մրրկավ էինք զատված.

                    Բաղդին ամեն ոխ չարանենգ

                    Ի մի համբոյր ցրուին ՛ի բաց4:

          

          Եվ այս ուղու, հաշտարար ձայնը դատապարտելով նեղ կրոնական պառակտումները, հեռու նախանձը, դավանական ատելաթյան ոգին, բախտի չարանենգ ոխերը մի համբույրով ցրվելով ու հերքելով հայտարարում է, որ եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա:

          Այնինչ արդեն հնչում էր Ռ. Պատկանյանի (Գ. Քաթիպայի) քաղաքացիական քնարի ձայնը, իսկ նրանից առաջ թափառական Մ. Թաղիադյանը վաղուց արդեն մրմնջում էր.

          

                    Տէ՜ր, կեցո՛ զհայս

                    Եվ արա զնոսա պայծառս5...

          

          Եվ Հնդկաստան, Տաճկաստան, Պարսկաստան— երկրեերկիր տարուբերելով ու դեգերելով աղաղակում էր լուսավորություն, կրթություն...

          Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել: