Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՏԱՂԱՆԴ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆ

          Կարապետ Գալֆայան անունով մի 19—20 տարեկան աղքատ, թերուս երիտասարդ Տաճկաստանից ընկնում է Թիֆլիս: Այդ երիտասարդը սրտում բեմական արվեստի բոան սեր ունենալով և իր մեջ զգալով դերասանական կոչումն՝ մերկ ու մենակ այնքան դես ու դեն է ընկնում, այնքան բախում սրա-նրա դուռը, որ մի կերպ հաջողեցնում է, գնում Պարիզ բեմական արվեստըն ուսանելու:

          Այստեղ ի՞նչ կա պախարակելի:

          - Ոչինչ:

          Մարդիկ կան, որոնք հավանում են նրան, մինչև անգամ շատ են հավանում և թանկագին հույսեր են դնում վրան:

          Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին:

          -?

          Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՛նչ բան է նա, ամո՜թ, խայտառակությո՜ւն և այլն1:

          Անցնում են ամիսներ: Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետը– Մունե Սյուլլի2 հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն դարձնում են ողբերգու դերասան: Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում:

          Նպաստը մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամուլի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկածին:

          Ժամանակ է անցնում: Երիտասարդին Պարիզում մի ընտիր հասարակության և զանազան երկրների թղթակիցների ներկայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք: Երիտասարդը փայլուն հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Պարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրանց կարծիքը, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախատեսնում...

          Բոթը հասնում է հայոց աշխարհքի իմաստուններին: Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը... (Մուրճ, № 10—11, Սևյան, էջ 1578)3:

          Այս ի՞նչ բան է, ի՞նչ են ուզում այս մարդիկ, ինչո՞ւ են այսպես երդված հակառակ կանգնել:

          Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական:

          Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը, նրա պղտոր գիտակցությունը ավելի խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները: Աչքերն արյուն կոխած, հանդուգն ու համառ, հաստ ճակատը դեմ արած հարձակվում է նա անհաշտ ու անդադար: Մի անգամ վրդովվել, վեր է կացել, այլևս դժվար է նրան զսպել: Զղջում, ամոթ, խղճահարություն... էլ ոչ մի բան ետ չի պահիլ նրան, մինչև զոհի շունչը չկտրի, չխեղդի, որ հանգստանա: Եվ նա միշտ խեդդում է ու աշխատում է խեղդել... Բայց եթե այդ պայքարում, հանգամանքների բերմունքով, տաղանդը պատռում է իր շրջապատը, հաղթող է հանդիսանում ու փայլատակում իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ, այն ժամանակ նա, այդ բթամտությունը՝ զարհուրած, ապուշ կտրած իրան Է քաշում ոճրագործ ձեռքը, շշկլված, հիացած աղաղակում Է այդ իրանից մեծ հրեշի առաջ, երկրպագում Է, կեցցեներով ու պսակներով գալիս անամոթ ճակատով կանգնում, թե դու իմ կուռքն ես, և ճգնում է հավատացնել, որ ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան...

          Բայց չպետք է հավատալ, թե արդեն նա փոխեց իր խավար բնությունը: Ո՛չ, անհաշտ ու անվերջ է այդ մաքառումն, քանի որ կան տաղանդն և բթամտությունը: Նա հաղթվեց, տեղի տվեց, ինչպես իրանից ավելի զորեղ ուժի հանդիպած մի տարր, բայց իր սպանիչ ուժով այժմ էլ մի ուրիշ «նորածին» տաղանդի վրա է ծանրացել խեղդելու, ճիշտ առասպելական այն հին դևի նման, որ, ըստ ավանդության, աշխատում էր դեռ օրորոցում խեղդել այն երեխաներին, որոնք ճակատներին շնորհքի նշան կունենային: Եվ ահա ծաղրում է, հռհռում, զարմանում, զայրանում, եռում, փրփրում և ուզում է խորտակել անճոռնի ոտների տակ:

          Տաղանդը՝ կյանքի արահետը թողած՝ ձգտում է դեպի վեր:

          Խե՜նթը, խե՜նթը... աղաղակում է նա. այծե՜ր ունի դա, այծե՜ր.,. հե՜յ, հո՜ւյ, հա՛, հա՛, հա՛, հա՛...

          Տաղանդը իր ոգևորության մեջ բարձր հայտնում է իր կոչումը:

          Ա՛յ դու հանդուգն, լիրբ, անպատկառ, խելառ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ...

          Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հանեց տաղանդին այս վանդալական վտանգալի մեյդանից:

          — Հե՜յ, ո՞ւր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք... – այստեղ տվեք, ո՞ւր եք տանում... 0', խայտառակություն, վա՛լ, հարա՜յ, դա խե՜նթ ՛Է, դա խե՜նթ Է...

          - Սա տաղանդ Է, հրճվանքով վկայում Է հովանավոր ոգին:

          - 0', դու Էլ ես խենթ, դու էլ ես հիմար, դու էլ չես հասկանում...

          Սակայն ոմանք արդեն շշնջում են– «Մե՜նք... մենք նրան չենք տեսել... մենք այծեր չէինք ասում... մենք... կայծեր էինք ասում... »:

          Գալֆայանը իր մեծախորհուրդ ճանապարհի այս կետին է հասել: