Առաջաբան


Ամեն անգամ Թումանյանին դաոնալիս՝ ես միշտ հարց եմ «տալիս ինձ, թե ինչո՞վ է նա մեծ. ինչո՞ւ է ժողովուրդը նրան սիրում առանձնապես, խորապես, կամ՝ ինչո՞վ է նա հմայում մեզ։

Չէ՛ որ պոեմներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ հայ հեղինակները գրել են նրանից առաջ և նրանից հետո, չէ՞ որ ժողովրդական ավանդավեպեր ու հեքիաթներ մեզանում մշակել են նրանից առաջ և նրանից հետո։

Գուցե՞ Թումանյանը բերել է մեր գրականության մեջ չեղած նոր հերոսներ, նոր մոտիվներ ու գաղափարներ, որոնք և նրա ստեղծագործությունը դարձնում են սիրելի...Ո՛չ. Թումանյանը մոտիվների, գաղափարների և պերսոնաժների նորություն չի բերում։ Նրա դժբախտ գյուղացիներն ու գեղջկուհիները կան Աղայանի, Պռոշյանի և գյուղագիրների մոտ. նրա Գիքորը նույնիսկ շատ նման է Րաֆֆու Գալոյին ( «Ոսկի աքաղաղ» )։ Իսկ բարոյական գաղափարների այն շարքը ( հայրենասիրություն, ժողովըրդասիրություն, հումանիզմ ), որ ունի Թումանյանը՝ մենք տեսնում ենք դարձյալ նախորդ գրողների մոտ՝ Աբովյանից սկսած մինչև իր ժամանակակիցները։

Ի՞նչն է ուրեմն Թումանյանին դարձնում առանձնապես սիրելի։

Իհարկե՝ նրա արվեստը։ Նրա պարզ, վսեմ, ռեալիստական արվեստը, որն իր մեջ խտացնում է ըստ ամենայնի ազգային ձևեր, ազգային պատկերներ և բնաշխարհի պայծառ լեզու։ Դրանց հետ միասին նաև ժողովրդական ոգին, որով տոգորված է նրա գրեթե յուրաքանչյուր տողը։ Միաժամանակ նա օժտված է ճշմարիտ արվեստագետի չափի մեծ զգացումով։ Բոլորից ավելի։ Նաև խոսքի նուրբ զգացողությամբ։ Ազգային ձևերի հետ միասին Թումանյանը բնականաբար հանդես է բերում ինտոնացիայի զարմանալի խորագին հարազատություն։ Հատկություններ, որոնց կոմպլեքսը պակասում է նախորդ և իրեն ժամանակակից հեղինակների մեծ մասի, մանավանդ բանաստեղծների գործերում։

Ոչ մի հայ հեղինակ մեր գյուղական աշխարհը իր բոլոր կողմերով չի վերարտադրում այնքան բնորոշ, ինչպես Թումանյանը։ Հայ մարդու, հատկապես հայ շինականի իմացական ու բարոյական հատկությունները, նրա աշխարհապատկերացումն ու աշխարըմբռնումը հստակ երևում են ամենից ավելի Թումանյանի երկերում, և դուք նրա յուրաքանչյուր գործում զգում եք հարազատություն ու անբռնազբոս մի պատմելաձև, որ անմիջապես հմայում ու համակում է ձեզ։ Բանաստեղծն իր երկերում ( չափածո թե արձակ ) չի տալիս փաստագրություն ու չոր գաղափարներ՝ ծանր ու ճոռոմ բառերով։ Ոչ. նա գտնում է ժողովրդական կյանքը ցայտուն բնորոշող երևույթներ, վարմունքներ, ապրումներ, և այդ ամենը տալիս է բնական ձևերով ու շեշտերով, որոնք և շունչ են հաղորդում այն ամենին, ինչի ձեռք է զարկում նա։

Այսպիսով ահա, իր յուրահատուկ արվեստով Թումանյանը հին թեմաներն ու գաղափարները հնչեցնում է ավելի բարձր, ավելի համակող ուժով։ Եվ սա մի փայլուն օրինակ է, թե ինչպես ճշմարիտ արվեստը բարձրացնում է նյութը։ Զգում եք՝ բանաստեղծը հիանալի գիտի, որ կարևորը արվեստի մեջ ոչ միայն ինչն է, այլև ինչպեսը, և այդ կատարվում է առանց որևէ ճիգի։

Այո, Թումանյանը իր արվեստով նման է կախարդի, բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք՝ նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատիկ ապրուստը...Մի խոսքով՝ Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»...

Բայց, իհարկե, ավելի վիշտ, որովհետև բանաստեղծը ուրախ բան քիչ էր տեսնում շուրջը։

Մտնելով գրական ասպարեզ՝ Թումանյանը հետը բերեց հայ բնաշխարհը՝ իր ծաղկավետ լեռներով, շառաչուն ջրերով և տխուր, շատ տխուր շեներով։ Այլ խոսքով՝ հայ բնաշխարհը նա դարձրեց պոեզիայի նյութ։ Ճշմարիտ է, նրանից առաջ այդ ուղղությամբ փորձեր արել էին Աղայանն ու Հովհաննիսյանը, սակայն հայ գյուղաստանը լայն ընդգրկումով, նրա բնակիչների իրական ապրումներով, նրա կենցաղի ցայտուն երանգներով տվեց Թումանյանը։ Տվեց անմոռաց կենդանի, վառ պատկերներով՝ ինչպես պոեմներում, այնպես էլ շատ բանաստեղծություններում։ Հոյակապ են հատկապես բնանկարները, պայծառ նկարագիրներ, որ չեք տեսնի ուրիշ մի հայ բանաստեղծի երկերում։

Անցյալ կյանքի շատ երևույթներ ու փաստեր, որ ուրիշ հեղինակներ արձանագրել են ու անցել, Թումանյանը ներկայացնում է բարձր արվեստով, երբեմն դրամատիկ գործողության մեջ, հատուկ սրտացավությամբ, ընդգծումով, աոանց սակայն գործը ազգագրական ու կենցաղային մանրունքներով ծանրաբեռնելու։

Եվ այս արվեստը նոր, թարմ խոսք էր մեր գյուղերի նկարագրության մեջ։ Այս արվեստով բնականաբար խորանում էր ծանոթ նյութերի բովանդակությունը։ Դաոնում էին դրանք ընդհանրացում։ Արվեստը, կրկնում եմ, բարձրացնում էր նյութը։ «Անուշ» – ի ողբերգությունը գյուղական աղջիկների ողբերգությունն էր. «Հաոաչանք» – ի ծերունին ապրում էր բոլոր հայ գյուղերում և շատ այլ իրական ու լեգենդային պերսոնաժներ դաոնում էին ոչ միայն համահայկական, այլև համամարդկային։

Ու այս բոլորը դարձյալ Թումանյանի արվեստի շնորհիվ։ Հայի ազգային կյանքը, հոգին ու ոգին խորապես ճանաչելու և այդ ամենը ռեալ տեսնելու և ռեալ նկարագրելու շնորհիվ։ Ու, կարևորը, նրա նկարագիրների մեջ միշտ զգում եք բանաստեղծի բաբախող սիրտը, նա նյութը ջերմացնում է այնպես, որ դուք տարվում եք հերոսների ճակատագրով, և նրանք դառնում են ձեր հարազատը։ Կենդանություն են ստանում անգամ ազգագրական և լեռնային կյանքի յուրահատուկ գծերը՝ նախապաշարումներ, հնադարյան սովորույթներ։ Նրա գյուղական կյանքից առնըված պոեմներն ու լակոնիկ պատմվածքները, կարելի է ասել, դարձել, են մի տեսակ հայելիներ, ուր արտացոլված են հայ շինականի կյանքի ու կենցաղի շատ կողմերը և, այդպիսով, հանդիսանում են մի տեսակ վավերագրեր, որոնց մեջ տեսնում ենք նաև հայ ժողովրդի ազնիվ գծերը՝ արդարամտությունը, մարդասիրությունը և լավ կյանքի երազը։

Թումանյանի պայծառ արվեստի շնորհիվ հարություն առան և ադամանդի պես շողշողացին նաև մեր ժողովրդի հին գանձերը՝ լեգենդներն ու հեքիաթները, որոնք կազմում են մեր բանաստեղծի ստեղծագործության շատ կարևոր մասը։

Ու այս ամենը մեր գրականության մեջ դարձավ նոր խոսք։

* * *

Հետաքրքրական պատկեր է ներկայացնում Թումանյանի գրական ուղին՝ Լոռու ձորից մինչև Սիրիուս։ Բանաստեղծի ստեղծագործական այդ ընդգրկումը որոշ չափով հիշեցնում է իր թարգմանած «Թռչունի մտածմունքը» ոտանավորի հավքին, որը, երբ աչքը բացում է իր բնում, տեսնում է աշխարհը հարդից է շինված։ Հետո՝ տերևից ու իրենց բունը վրան։ Ապա՝ տեսնում է աշխարհը լա՜յն, արձա՜կ։ Իսկ երբ թռչում է հեռու, շատ հեռու – նա էլ չի հասկանում, թե աշխարհն ինչի՞ց է շինված, թեև չի թվում անհարազատ։

Այսպես էլ Թումանյանը, սկզբում նկարագրում է մանուկ օրերին հայրենի Լոռում տեսած անուրախ կյանքը՝ «Գութանի երգը», «Գիշեր», «Հին օրհնություն» և այլ երգեր, որոնց մեջ լսում ենք դառը գանգատ շինականի ծանր վիճակի մասին, զգում ենք բանաստեղծի ցավը, որ գյուղը թալանում են մերոնք և այլերը, որ գյուղը տնքում է, որ նախապաշարումները զոհեր են տանում։ Մանկության օրերի ծանր տպավորություններ են «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշը», «Հառաչանքը»...բոլորը գրված բնաշխարհի կոլորիտով, պարզ մարդկանց պարզ հոգեբանությամբ և առհասարակ հայրենի բնի լավ իմացությամբ։ Մինչ Թումանյանը ապրած բանաստեղծները հայ աշխարհը, սակավ բացառությամբ, նկարագրում էին ընդհանուր խոսքերով, վերացականորեն – Թումանյանը առաջինն է, որ տալիս է հայրենի երկրի բնորոշ նկարագիրներ, և դուք շոշափելու չափ տեսնում եք այդ պատկերները՝ արվեստի լույսով պայծառացած։

էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ։

Կամ.

Էս տախտի վըրա աղոթում մի վանք,

Էն ժայռի գըյխին հըսկում է մի բերդ,

Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,

Բուի կըռինչն է տարածվում մերթ – մերթ,

Իսկ քարի գըլխից, լուռ մարդու նըման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

Իսկական լեռնային Հայաստան, որ չեք հանդիպի ուրիշ հայ «գրողի մոտ։

Այս բնությունը, իսկ ժողովուրդն ինչպե՞ս է ապրում։

Պաս չենք էնտեղ մենք ուտում,

Ու ջերմեռանդ աղոթում,

ժամ ենք գնում ամեն օր.

Բայց միշտ ցավեր նորանոր,

Միշտ մի աղետ, մի վընաս

Գալիս են մեզ անպակաս։

Կամ ահա ինչ է ասում գյուղացին.

էն օրն եկան թովջի արին,

Հարկ են ուզում տերության.

Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին...

Վարի՛, վարի՛, իմ գութան։

Լաց եք զգում այս տողերում, և այս Է եղել հայ շինականի թշվառ վիճակը Լոռում, որի գյուղերի իրական նկարագիրները բանաստեղծը տալիս Է տրտմությամբ, որից զգում ես նրա խոր վիշտը, որովհետև նա աչքը բացել այդ Է տեսել գյուղում՝ դառն աղքատություն ու հառաչանք։ Եվ իր ծննդավայրի պատկերը Թումանյանը վերարտադրում Է այնպիսի հատկանիշ գծերով, որ այն ընդհանրանում – դառնում Է հայ գյուղի պատկեր ընդհանրապես։

Այնուհետև, երբ բանաստեղծը հասունանում Է հոգով ու մտքով՝ նա զգում – տեսնում Է, որ նույն թշվառ կացության մեջ Է ամբողջ հայ ժողովուրդը ամեն տեղ՝ Ռուսիայում, Թուրքիայում և Իրանում։ Տեսնում Է, թե ինչպես երեք բռնակալության մեջ Էլ հայը հանգիստ չունի. հալածում են նրան իր իսկ երկրում, խլում են նրա ինչքը, նրա հոգին, նրա կյանքը, և նրա ազգային գոյությունը վտանգի տակ է շարունակ։ Տեսնելով այս, բանաստեղծը համակվում Է ողջ ժողովրդի ցավերով։

Հայի չար բախտը ինձ ներքև բերավ

Բարձը Գուգարքի ծաղկոտ սարերից,

Իմ հոգին լըցրեց հառաչանք ու ցավ,

Տըխուր երգերի քընար տվավ ինձ։

Այսպես, ինչպես մի գյուղի տխուր նկարագիրը դարձավ բոլոր հայ գյուղերի նկարագիր, այդպես Էլ Լոռու ցավերը հետզհետե դաոնում են «հայոց վիշտ», որը բանաստեղծը համարում է «անհուն մի ծով», և այդ ցավերի ծովում տառապում է նրա հոգին։ Բանաստեղծին վիշտ է բերում ոչ միայն ժամանակակից հայի անազատ կյանքը, վշտով պատած անցյալը, անգամ լեգենդար անցյալը։ Հայ երկրի ազատագրությանը նա նվիրում է բանաստեղծություններ և, դժբախտաբար, անավարտ մնացած «Հին կռիվը» պոեմը։ Գրում է «Սասունցի Դավիթը», որպես հերոսության օրինակ, և առհասարակ իր հայրենի լեռնային կյանքի նկարագիրներից հետո՝ նա հայ կյանքի բազում անմխիթար երևույթները արտացոլում է անգամ իր լեգենդներում։

Բայց որքան էլ դաոն ու տխուր են ներկան ու անցյալը, բանաստեղծը սակայն չի կորցնում լավ ապագայի հույսը։ Երբեմն, ճշմարիտ է, նրան պաշարում են տրտում խոհեր, երբեմն երանի է տալիս հին երգիչներին, որոնց օրով ապրում էին դեռ «երազները հայի փրկության», բայց միաժամանակ չի մոռանում, որ հայ ժողովուրդը ուխտ ունի «միշտ դեպի լույս», և այդ լույսի համար է որ «երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր Հայոց լեռներում, դըժար լեռներում»։

Բանաստեղծը հայոց ազատաբաղձությունը, կամ, լավ է ասել, ազատագրության պատմությունը խտացնում է մի քանի տողում, թե ինչպես ժողովուրդը ոգորում է անվերջ և, ընկնելով, զոհեր տալով, իր «պատառ – պատառ դրոշով» ձգտում է խավարից դեպի լույս, սպասելով միշտ, «թե ե՛րբ կբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, կանաչ լեռներում»...

Պայծառ հոգիներին հատուկ է լավատեսությունը։ Հայ կյանքի ծանրագույն, դժնդակ պայմաններում էլ Թումանյանը, երգելով հայոց ծով վիշտը, ինչպես ասացինք, չի կորցնում բնավ ապագայի իր հույսը, չի տարվում հոռետեսությամբ, քանի որ հայոց պատմությանը քաջածանոթ՝ գիտե, որ մեր ժողովուրդը Բաբելոնից մինչև իր օրերը տոկացել է ամեն աղետի, հաղթահարել է բազում մահացու, կործանիչ վտանգներ ու հասել մեր 20 – րդ դարը և այժմ էլ նրա հոգին լի է երազներով ազատության... Ահա ինչո՛ւ Թումանյանը, լինելով իր ժողովրդի մսից ու արյունից, երբեք չի կորցնում լավի հույսը, ինքն էլ, ժողովրդի նման, նրա հազարամյա փորձից իմաստնացած, հավատում է, որ «աշխարհն էսպես չի մնա»...որ, թեև վիրավոր ու ծեծված, պիտի տեսնենք «հանուր կյանքի արշալույսը վառ հագած»...ու Արարատի «սուրբ լանջին» կլինի «նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով»...մարգարեանում է բանաստեղծը 1915 թվին և դրանով ասես հուսադրում այդ օրերի բոլոր լքված հոգիներին...Եվ այդ անում է նա ոչ թե էժանագին ոտանավոր շարադրողների կեղծ, վերամբարձ լավատեսությամբ, ծնծղա զարկելով, այլ ներքին պայծառատեսությամբ, որ բնական ու օրգանական է իր համար։

Այստեղ պետք է ընդգծել, որ ընդհանրապես, արհեստականը, ճոռոմը, վերամբարձը խորթ է Թումանյանին, և նա իսպառ զերծ է ճառայնությունից. նա երգում է միշտ իր ձայնով, իր ձևով, ինչպես անում է աստվածային ձիրքով օժտված երգիչը, խորշելով ֆայլշից, կեղծ նոտաներից։ Ավելին, նա երգում է իր ժողովրդից ստացած բնատուր ձայնով, դրա համար և հանդիսանում է իր ժողովրդի ցավերի, ոգորումների ու տենչերի ճշմարիտ արտահայտիչը։

* * *

Թումանյանի գործունեության տարիներին Եվրոպայում և այլուր առաջ եկան գրական նոր ուղղություններ՝ սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ և այլն։ Որոշ բանաստեղծներ ազդվեցին կամ տարվեցին այդ հոսանքներով, Թումանյանը սակայն հավատարիմ մնաց իր ձայնին, իր ոգուն։ Վայե՞լ էր միթե բնական ձայնին խառնել արհեստական հնչյուններ։ Եվ Թումանյանը չխառնեց։ Ոմանց նման չի գրել բնավ եվրոպական բանաստեղծներից փոխ առած ֆրազներով ու պատկերներով, լինելով անհուն գանձի տեր՝ կարիք չուներ փոխառության, նա երգում էր իր սեփական ձայնով։

Յուրաքանչյուր ժողովուրդ իր կենցաղում թե ֆոլկլորում ունի խոսելու և պատմելու իր հատուկ ձևը, եղանակը, ասենք ավելի պարզ – իր ազգային ոճը, որ նման չէ ուրիշի, այնպես, ինչպես ունենք մեր լեզուն, մեր երգը, մեր ճարտարապետությունը, որ տարբերվում են ուրիշներից։ Եվ Թումանյանը մեր գրականության մեջ միակ գրողն է գրեթե, որ առավել արտիստորեն և առավեյ հարազատորեն դրսևորում է իր ժողովրդի ոճը, մտածողության ու աշխարհզգացման բոլոր երանգները, դրանց միացնելով իր նուրբ ճաշակը և մեղմ հումորը։ Ու այս հատկություններով նա լիովին ազգային գրող է։ Համոզվելու համար, թե որքան ճշմարիտ է մեր խոսքը, մտովի պատկերացնենք, թե Թումանյանի գործերից մեկն ու մեկը, ասենք «Եղջերուն» կամ «Գիքորը», ինչպես կգրեր Րաֆֆին, Պռոշյանը, Մուրացանը, Պատկանյանը կամ Շիրվանզադեն, թեև սրանցից յուրաքանչյուրը ինքնատիպ ՛վարպետ է։ Ու այս պատկերացումը բնականաբար առաջ կբերի լեզվի և արվեստի համեմատություն, և թե որքան ճշմարիտ է մեր ասածը. այն, որ Թումանյանը, մեր խորին համոզումով, ազգային ձևի և ազգային ոճի մեծագույն վարպետն է մեզանում։

Ազգային ձև, ազգային ոճ ասելով՝ ես ուրիշների նման չեմ հասկանում միայն լեզու, այլ ազգային պատմելաձև, եղանակ, ասելու կերպեր, ինտոնացիա, ժողովրդական պատկերավոր դարձվածքներ և անգամ աշխարհազգացում, հոգեկան վերաբերումներ ու ընկալումներ, այն ամենը, ինչ կազմում է մեր ժողովրդի հոգևոր առանձնահատկությունը, ինչ տեսնում ենք նաև մեր ֆոլկլորում։

Թումանյանի ո՛ր երկն էլ վերցնենք՝ կտեսնենք այս առանձնահատկությունների խտացումը՝ աոանց որևէ ճիգի, ինքնաբեր։ Կզգաք իսկույն, որ հեղինակը, այդ ամենով ներծծված մտածում ու արտահայտվում է ժողովրդի նման, նրա ձևերով, հայ հավաքական հոգեբանությամբ։ Ահա.

Լենկթեմուրն եկավ, հուր ու սուրն եկավ,

Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.

Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,

Փաթաթեց պատեց, ինչպես վիշապ – օձ...

Ուրիշ մի հայ բանաստեղծ ( էլ չեմ ասում ուրիշ ազգի բանաստեղծ ) այս դեպքը չէր պատմի բնավ այս ձևով, այս ինտոնացիայով։ Այս կարող էր միայն նա՛, ով հասու է իր աղետներ տեսած ժողովրդի հոգեբանությանը և նրա պատմողական ոճին։ Ըստ որում Թումանյանը չի վերցնում պատրաստի, ֆոլկլորային դարձվածքներ, նա ելնում է, կրկնենք, ժողովրդի հոգեբանությունից, արտահայտվում է երբեմն մանկությունից իր մեջ ձևեր աոած պատկերներով, մի բան, որ նույնպես հազվադեպ կարելի է գտնել ուրիշ որևէ հայ բանաստեղծի գործերում, իսկ եթե պատահում է երբեմն – դա լինում է կեղծ ոճավորում, որին խառնում են անհարիր կամ օտար բառեր և խախտում ոճական ամբողջությունը։Իսկ Թումանյանի ճաշակը երբեք թույլ չի տալիս այդօրինակ խախտումներ։ Եթե որևէ գործ սկսում է այս կամ այն եղանակով, այդպես էլ շարունակում է՝ ոճը պահպանելով, ստեղծում է հավաստիության պատրանք և հասնում կատարյալ արվեստի, ինչ հատուկ է ճշմարիտ արվեստագետներին։

Այս եղանակով են ստեղծված նրա երկերի մեծագույն մասը, առանձնապես լեգենդներից շատերը, անգամ 17 տարեկան հասակում գրած «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» և մանուկների համար գրած շատ գործեր, որ նմանը չունեն մեզանում, որ հմայիչ են բոլոր հասակների համար։ Հենց այս երկերից երևում է, որ Թումանյանը գիտեր պարզության և հուզելու գաղտնիքները։

Այս եղանակով ու ճաշակով է կատարել նաև իր թարգմանությունները, որ հայացված են այնպես թվում են կատարելապես ինքնուրույն գործեր, որոնց մեջ միշտ զգում եք դարձյալ արվեստի բարձր ճաշակ ու հարազատություն թե՛ բնագրին և թե՛ հայոց լեզվին: Դրա համար և համարվում են թարգմանական գրականության անգերազանցելի օրինակներ։

Պարզություն և լակոնիզմ – այս է իշխում Թումանյանի երկերում և դրանից է, որ նրան կարդալիս, խոսքի ծանրություն՛ չեք զգում, որովհետև նրա յուրաքանչյուր բառը ֆունկցիա ունի, նա ավելորդ բառով չի ծանրաբեռնում երկը։ Միայն ասելիք չունեցող հեղինակներն են, որ ճգնում են իրենց մերկությունը ծածկել բառերով, հաճախ գեղեցիկ բառերով։ Թումանյանը երբեք չի ցուցադրում իր լեզուն, գեղեցիկ բառերի իր իմացությունը, քանի որ նա հասու է, թե բառը գեղեցիկ է իր տեղում, եթե այն ֆունկցիա չունի՝ ավելորդ է։ Նրա արվեստի պահանջն է նյութը մշակել համապատասխան լեզվով։ Եվ այդ կատարելապես հաջողվում է նրան թե՛ արձակում, թե՛ չափածոյի մեջ։ Ու ընթերցողը չի զգում ոչ մի ճիգ։ Եթե կամենաք Թումանյանի չափածոն վերածել արձակի, դա կլինի բնական արձակ – այնքան անկաշկանդ, ինքնաբուխ է ամենը։

Խոսելով Թումանյանի ժողովրդական ոգու և ժողովրդական լեզվի առանձնահատկությունների մասին, չպետք է մոոանալ և այն, որ նա իր երկերում մեծ տեղ է տալիս նաև ագգային – ժողովրդական պատկերներին կամ օգտվում է այդ պատկերներից և դրանցով ավելի հարազատություն հաղորդում իր գործերին, ինչպես օրինակ, Համբարձումը, Կոխը և այլն։ Ազգային պատկերացումների մի հոյակապ նմուշ է նաև «Հոգեհանգիստը»։ Հայ եկեղեցին ունի մի ծես, որ կոչվում է անդաստան. – զգեստավորված կրոնավորների մի բազմություն՝ խաչով, խաչվառներով, քշոցներով, եկեղեցուց դուրս գալով, դաոնում է նրա շուրջը, դաոնում աշխարհի չորս կողմը՝ հարավ, հյուսիս, արևելք, արևմուտք, և հայցում աշխարհի համար բարիք ու խաղաղություն։ Թվում է այս պատկերացումից է ելել Թումանյանը, գրելով իր ցնցող «Հոգեհանգիստը»՝ հայ ժողովրդի մեծ սուգի օրերին...և ոչ մի ճոռոմ բառ, ոչ մի վերամբարձ ֆրազ...և ո՞վ է անկեղծ վշտի պահին ընկնում սուտ պաթոսի մեջ, ինչպես անում են վշտի երգիչ համարվող և եղերամայրերի նմանող կեղծ պոետները։

Թումանյանի այս բանաստեղծությունը մի սրտախոր սուգ է՝ իր պարզության մեջ վսեմ։ Սուգ, որ ալեկոծում է ընթերցողին։ Վշտի սարսուռով տեսնում ես կարծես, որ մի բարձր ու խորունկ. կանգնած հայոց լեռների հանգույցում, անհուն ցավով հոգու հանգիստ է կարդում այն անմեղ զոհերին, որ ընկան, մեռան հայոց աշխարհում և ցրվեցին հազար հազարով...

Բանաստեղծը միշտ հայրենիքի հետ էր. ժողովրդի վիշտը սրտում ապրում էր նրա անցյալով, ներկայով և, ժողովրդի նման, շարունակ երազում հույսի, լույսի մի հայրենիք...

* * *

Հայ գրականությունը իր գոյության ընթացքում ունեցել է շատ բանաստեղծներ. դրանցից յուրաքանչյուրը երգել է իր սերը, հայրենիքի սերը. իր վիշտը, ժողովրդի վիշտը՝ այս – այն դեպքի առթիվ. երգել է երբեմն շատ նուրբ արվեստով ու զգացումներով, սակայն համարձակ կարելի է ասել, որ ոչ մի բանաստեղծ հայ կյանքի ներկային ու անցյալին կապված չի եղած այնպես, ինչպես Թումանյանը, նաև ոչ մեկի արվեստը այնքան պարզ, պայծառ ու հարազատ ժողովրդական չէ, որքան Թումանյանինը:

Նա չնայած ապրում էր մեծ քաղաքում և մտքով սավառնում տիեզերքում, հոգով մնում էր միշտ իր ժողովրդի հետ, որից և առնում էր իր նյութերը, դնելով դրանց մեջ իր ազգային ու համամարդկային նվիրական խոհերը, հույզերը, մտորումները։

Ինչպես ամեն բանաստեղծ, այնպես էլ Թումանյանը, ունի, իհարկե, նաև անկատար գործեր, հատկապես գրական գործունեության առաջին շրջանում, երբ լիովին չէր գտել իրեն, և մենք, բնական է, խոսում ենք նրա կատարյալ երկերի մասին, որոնցով առհասարակ դատում, գնահատում են յուրաքանչյուր գրողի և արվեստագետի:

Թումանյանի գյուղական թեմատիկան՝ իր ռեալ նկարագիրներով ու արվեստով, թարմություն բերեց կյանքից հեռու, կյանքի եզերքին ապրող մեր պոեզիային, մանավանդ իր պայծառ լեզվով։

Թումանյանի լեզուն...Երբեմն բնական ճաշակից զուրկ, սեթևեթության սիրահար միամիտները, որ պարզը համարում են նատուրալիստական, հասկանալին՝ հասարակ, մթամածն ու արհեստականը՝ խոր, կարծում են, թե խորիմաստ մտքերը արտահայտվում են միայն գեղեցիկ բառերի ուռուցիկ ֆրազներով։ Այդպիսիներին մատչելի չէ, իհարկե, պարզի վսեմությունը։ Մյուս կողմից՝ նրանք մոռանում են, որ գյուղացուն ու գյուղական կյանքը , չի կարելի տալ շինծու բարձր ոճով, ինչ կլիներ նյութին անհարիր բան։

Եվ Թումանյանը, որպես ռեալիստ արվեստագետ, իր գյուղական երկերում հավատարիմ է մնում ռեալիստական արվեստի պահանջին, գրում է միշտ նյութին համապատասխան մի լեզվով, որ վճիտ է ըստ ամենայնի և կոլորիտային։ Ու այդ պարզը՝ շինականի պարզունակ լեզու չէ, այլ ռեալիստական, ժողովրդական վճիտ լեզու, որին բանաստեղծը հասել է տքնաջան աշխատանքով, և այս բանում կարելի է համոզվել բանաստեղծի վաղ շրջանի գրածները համեմատելով 1903 թ. ժողովածուի և հետագա գործերի հետ: Պարզություն, որ հատուկ է մեծ գրողներին, մանավանդ այն գրողներին, որ հոգով սրտով կապված են ժողովրդին։ Իսկ Թումանյանը կապված է գերազանցորեն։ Այդ երևում է արդեն նրա չափածոյից և արձակից։

Խոսքս մասնավորելով բանաստեղծի արձակի շուրջը՝ նույնպես պետք է ընդգծեմ, որ նրա արձակը նմանապես չի բերում մեզ հայ կյանքի անհայտ երևույթներ, ոչ էլ դնում է նոր խնդիրներ կամ լուծում հոգեբանական ինչ – ինչ կնճիռներ։ Ո՛չ. նա տալիս է մեզ գյուղական կյանքի շատ սովորական դեպքեր, նկարագիրներ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպե՞ս. ի՞նչ բնականությամբ և ի՞նչ արվեստով։

Կարող ենք ասել՝ մեծ վարպետությամբ, այս բառի բարձր նշանակությամբ, և ըստ ամենայնի, ճշմարտացի, առանց գրական շաբլոնի, միշտ հակիրճ ու կենդանի, այնպես, որ ընթերցողը չի զգում, թե դրանք շարադրված գործեր են։ Բայց որքա՛ն դիտողականություն ու ճաշակ։ Բարքեր, կենցաղ, բնության նկարագիրներ, մարդկանց հոգեբանություն տրված են այնպես, որ ամենը կազմում են ներդաշնակ ամբողջություն, ինչ կարելի է տեսնել հասուն տարիքում գրած պատմվածքներում ( «Գիքորը», «Եղջերուն», «Մերոնք», «Ահմադը» ), և մանավանդ «Գելը» – ում, ուր Թումանյանի վարպետությունը հասնում է կատարելության։

Ժողովրդի կյանքին անծանոթ ընթերցողը գուցե և չթափանցի սրանց անզարդ գեղեցկության մեջ, գուցե չնկատի հեղինակի դիտած բնորոշ մանրունքները, բայց իմացողը չի կարող չզմայլել բանաստեղծի պատմելու ճարտարության և հարազատ ինտոնացիայի վրա, մանավանդ ինքնատիպ ձևերով...և դուք այս բոլորից եզրում եք, որ Թումանյանը խոսքի զարմանալի վարպետ է. նուրբ ճաշակը նրան թելադրում է՝ ի՛նչ նյութի մեջ ի՛նչպիսի բառ գործածել՝ նյութի էությունը ճիշտ դրսևորելու և ոճը չխախտելու համար, ուստի և նրա յուրաքանչյուր բառը իր տեղում է, բնորոշում է մի բան. և չկա մի բառ, որ կարելի լինի փոխարինել այլ հոմանիշով։ Չէ՞ որ բանաստեղծն ինքն է ասում, «բառը մի ամբողջ աշխարհ է»...

Լեզվի վարպետությունը առավել նկատելի է վերջին շրջանի չափածո երկերում, հատկապես քառյակներում։ Թումանյանը հայոց լեզվի հետ վարվում է իբրև տեր ու տնօրեն, երբեմն լեզվի իր շտեմարանից ( ոչ թե բառարաններից ) հանում է այնպիսի բառեր ու բառաձևեր, որ ոչ մի տեղ երբեք չեք հանդիպել, և այդ նորը իր տեղում հիացնում է ձեզ։ Եվ կարևորը, նրա յուրաքանչյուր ֆրազի և բառի մեջ զգում եք հայի ինտոնացիա, հայի հոգեբանություն։ Նա գրում է միշտ, ինչպես միջնադարում էին ասում հայրեն ( հայաբար ), կամ՝ հայացի, ինչպես սիրում են ասել երբեմն հայկաբանները։

Լեզվական այս հատկությունները տեսնում ենք ավելի լեգենդներում, որոնք թե արվեստի տեսակետով և թե համամարդկային բովանդակությամբ հանդիսանում են Թումանյանի ստեղծագործության նշանակալի մասը, եթե ոչ շատ նշանակալի։ Ու պետք է հիշել, որ այս նյութերը մշակելիս՝ բանաստեղծը որոնել ու գտել է նման մոտիվներ այլ ժողովուրդների ֆոլկլորի մեջ և, գտնելով, համադրել, մի բան, ինչ վկայում է, թե բանաստեղծը միայն ազգային հայեցակետով չի մոտեցել նյութին, չի սահմանափակվել, և դրա շնորհիվ նրա մշակումներից շատերը ստացել են համամարդկային հնչեղություն, ինչպես «Փարվանան», «Թմկաբերդը», «Հսկան», «Մի կաթիլ մեղրը», «Թագավորն ու չարչին» և ուրիշները։

Իր լեգենդներում ու հեքիաթներում Թումանյանը հաճախ դնում է մարդկային կյանքի բարդ խնդիրներ ու հարաբերություններ և, որպես էպիկ, տալիս է կենդանի գործողություններ՝ դրամատիզմով հագեցած, որոնք ըստ մեծի մասին ունենում են ողբերգական վախճան, ինչպես իրական կյանքից առնված իր պոեմները։

Որքան էլ սակայն շատ են ողբերգական վախճանները բանաստեղծի երկերում՝ նա այնուամենայնիվ չի հուսատում ընթերցողին, որովհետև հեղինակը մնում է դարձյալ լավատես, և դա՝ շնորհիվ իր էսթետիկական ու լուսավոր զգացողության։

Քանի՞ բանաստեղծ և քանի՞ արձակագիր կարելի է մատնանշել մեզանում, որոնց երկերը հավասարապես գեղագիտական հաճույք են պատճառում թե՛ մտավորականին և թե՛ հասարակ մարդկանց։ Մի երևույթ, որ հազվադեպ է և մեծ կարողության ապացույց։ Նմանապես մեր ո՛ր բանաստեղծի ասույթներն են անցել ժողովրդին, ինչպես Թումանյանինը։

Հեշտ է գրել, և գրում են շատերը, գեղեցիկ բառերով վերամբարձր տողեր, խորիմաստ երևալու համար՝ ռեբուսային ֆրազներ, կամենալով զարմացնել տկար ճաշակի մարդկանց...Բայց դա բնավ չի գոհացնում և չի կարոդ գոհացնել բարձր, կիրթ ճաշակները, մանավանդ ժողովուրդը չի ըմբռնում ոչինչ և դա չի հուզում նրան, ինչպես չի հուզում պարկետը, որքան էլ շարված լինի ռիթմով կամ փայլեցրած խնամքով: Սակայն գրել Սովորական բառերով, գրել պարզ և...հուզել դա հատուկ է սակավ ընտրյալների, ինչպես Պուշկինն է, Հայնեն, Լերմոնտովը, Լև Տոլստոյը, Մոպասանը, Չեխովը, Եսենինը։

Այս սակավներից է Թումանյանը՝ վսեմ պարզության վարպետը։

Սրանով չենք կամենում ասել, թե ինչ հասկանալի չէ բոլորին՝ ընդունելի չէ, արվեստ չէ։ Ոչ. արվեստի չափանիշը սա չէ հարկավ։ Չափանիշը՝ արվեստի կատարելությունն է. որքան մի արվեստ ռեալիստական է ու կատարյալ՝ նա այնքան պարզ է ու մատչելի շատերին, մեծ բազմության։

Թումանյանի ստեղծագործության առանձնահատկությունների մասին խոսելիս չպետք է մոռանանք նրա մի հատուկ աշխույժ գիծը՝ հումորը, ինչ տեսնում ենք հաճախ նրա այս կամ այն երկում, և որով հատկապես աչքի են ընկնում «Պոետն ու մուսան» պոեմը, «Մի կաթիլ մեղրը» լեգենդը և «Քաջ Նազար» հեքիաթը։ Աոաջինում, ինչպես հայտնի է, բանաստեղծը ծաղրում է գրականության մասին եղած հոռի մտայնությունները մեզանում և գրական կյանքի հետ առնչվող երևույթներ, ու ծաղրում է սրամիտ ձևերով, սուր սարկազմով։ Իսկ երկրորդը՝ հումորով սկսվող լուրջ սատիրա է, թե ինչպես մարդիկ տգիտության, սնափառության, կեղծ արժանապատվության հետևանքով, ստեղծում են մեծամեծ աղետներ ու ողբերգություններ։ Սատիրան, որքան էլ սեղմ ու լակոնիկ, ունի մեծ տարողություն. դա մի խորունկ գործ է համամարդկային արժեքի։ Հատկապես սքանչելի ծաղրված են հակառակորդ թագավորների փարիսեցիական հրովարտակները, որոնք հիշեցնում են անգամ մեր օրերի պետությունների միջև փոխանակվող նոտաները:

Այս երկում միաժամանակ երևան է գալիս Թումանյանի ստեղծագործական մեծ ուժը. միջնադարի առակագիր Վարդանի մի քանի տողից նա ստեղծել է լայն դիապազոնի անմեռ գործ։

Պակաս խորիմաստ չէ նաև «Քաջ Նազարը», որ հայկական և օտար բոլոր մշակումների մեջ թերևս միակն է իր հավաք բովանդակությամբ, հերոսի խարակտերի հետևողական զարգացումով և սարկազմով, որ կարող է տեղ բռնել Անդերսենի ամենալավ հեքիաթների շարքում։


Գրական գործերի կողքին հատուկ արժեք են ներկայացնում Թումանյանի հոդվածները, որոնց մեջ երևան են գալիս նրա գրական և արվեստի նուրբ ըմբռնումներն ու գնահատականները։

Իր օրերի խնդիրներով ապրող բանաստեղծը միաժամանակապրում էր մարդկային գոյության և տիեզերական գաղտնիքները հասկանալու, ըմբռնելու ցանկությամբ։ Անկախ իր երկերում ունեցած հետաքրքրական խոհերից, կյանքի վերջին տարիները նրան ավելի են զբաղեցնում այդ խնդիրները։ Իսկ նրա վերջին տարիների գործը քառյակներն էին, որոնց մեջ Թումանյանը կարծես ի մի է բերել կյանքի մասին ունեցած իր խոհերն ու երազները։

Քառյակների մեծ մասը, որ գրված են ժանրի ավանդական կանոններով և ունեն փիլիսոփայական խորք ու խոհեր, բացում են բանաստեղծի հոգին. – դրանք ունեն լայն, լուսավոր մտորումներ, լի են աշխարհի գոյությանը և կեցությանը վերաբերող խորին մտքերով. – կյանքն անսահման է, անվախճան, և մահը սարսափելի չէ, քանի որ մենք կապված ենք տիեզերքին, նրա մասնիկն ենք, հետևաբար մարդը մահ չունի, ու ինչ ստացել ենք բնությունից՝ պետք է տանք իրեն – մի նոր երանավետ կյանքով ապրելու համար, ապրելու ամբողջության մեջ...և տիեզերքը նրան թվում է հավիտենական հայրենական տուն ...

«Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի», ասում է բանաստեղծը հաշտ ու խաղաղ սրտով և գրեթե կյանքը օրհնելով, ինչպես Պուշկինը, որ մահից հետո կուզեր «ջահել կյանքը խայտա աշխարհում և անտարբեր բնությունը փայլի հավերժական գեղեցկությամբ»։

Թումանյանը իր ստեղծագործական կյանքը ավարտում է այս պայծառ լավատեսությամբ, ինչ բխում է, իհարկե, նրա խորատես հոգուց, նրա խորազգաց էությունից։ Սի լավատեսություն, որին միշտ զուգակից է հումանիզմը, ինչ արտահայտվում է նրա շատ ու շատ երկերում։ Մինչև իսկ բանտում նա չի կորցնում լավատեսությունը և գրում է «Վայրէջքը», մի պայծառ գործ, որ Թումանյանին լուսավորում է ամբողջովին։

Ամփոփելով մեր խոսքը՝ տեսնում ենք, որ Թումանյանը, հայության կյանքի բազմակողմանի ընդգրկումով, նրա հուզական աշխարհի ու ոգու նկարագիրներով, նաև հարազատ, պարզ ու վսեմ արվեստով հանդիսանում է մեր ազգային մեծ երգիչը, մեր մեծ բանաստեղծը։